Հետևեք մեզ։

Ի՞նչ նպատակ ունեն Փաշինյանի հոդվածներն ու էսկալացիայի վախ ներշնչելը. «Հրապարակ»

09:56, 05 մարտ 2025
Ի՞նչ նպատակ ունեն Փաշինյանի հոդվածներն ու էսկալացիայի վախ ներշնչելը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

 

«Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ ամսում երկրորդ հոդվածն է հրապարակել «Արմենպրես»-ի միջոցով՝ տողատակերում կրկին հանրությանն ահաբեկելով էսկալացիայով։ Առաջինը փետրվարի 9-ին էր։ Այս անգամ նա ներկայացնում է կոմունիկացիաները բացելու իր առաջարկները և նշում, որ ապաշրջափակման հարցը, ըստ էության, լուծված է՝ Ադրբեջանը համաձայն չէ: Եվ հարց է տալիս, թե ինչու է Բաքուն մերժում Հայաստանի առաջարկները. «Հույս ունեմ՝ ոչ էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար»:

 

Հոդվածից ակնհայտ է դառնում, որ Բաքուն Փաշինյանից պահանջում է կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ հրաժարվելով «խաղաղության խաչմերուկ» անիրագործելի ծրագրից։ Իսկ այդ կետում նկարագրված է, որ Բաքվին տրամադրվելիք ճանապարհը պետք է լինի անխոչընդոտ. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ԻՀ-ի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ 2 ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Փաշինյանի հոդվածներն ու էսկալացիայի վախ ներշնչելը մեկ նպատակ ունեն՝ հանրությանը տրամադրել, որ եթե միջանցքը չտանք, Ադրբեջանը պատերազմ կսկսի։

 

Բայց այդ հարցը կարելի էր քննարկել, քանի դեռ կար Լաչինի միջանցքը, և Ադրբեջանը կատարելու էր նոյեմբերի 9-ի մյուս կետերը, այդ թվում՝ գերիների վերադարձը։ Հիմա ստացվում է, որ Փաշինյանը զիջել է ե՛ւ Արցախն ու Լաչինը, ե՛ւ Կիրանցից է տարածք տվել, ե՛ւ գերիներին չի կարողանում հետ բերել, բայց պատրաստ է նաև միջանցքը տալ»։



Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Վերլուծական