Հետևեք մեզ։

Խորհրդարանը ընդունեց «ՀՀ օրհներգի մասին» օրենքի լրացված նախագիծը

08:58, 05 մարտ 2025
Խորհրդարանը ընդունեց «ՀՀ օրհներգի մասին» օրենքի լրացված նախագիծը

Ազգային ժողովը փետրվարի 5-ի նիստին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր, ինչպես նաև «1899 թվականի հուլիսի 29-ի և 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերցնելու մասին օրենքի նախագիծը:

Առաջին ընթերցմամբ քննարկված և ընդունված նախագծերի թվում է վարորդների տուգանային 9 միավորի փոխարեն 13 միավոր սահմանելու նախագիծը, որի շրջանակում նախատեսվում է նաև խստացնել տույժերը 7 տեսակի իրավախախտումների դեպքում: Նախագծի համահեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև շահումով խաղերը կարգավորող նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է ոլորտում սահմանել 10 տոկոս շրջանառության հարկ: Ըստ նախագծի հեղինակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ վերջին 5 տարիներին կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են եղել  հարկային բեռի բարձրացմանը, սակայն վերլուծությունը ցույց է տվել, որ ձեռնարկված քայլերը բավարար չեն, և այժմ անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել: 

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծերի թվում է «ՀՀ օրհներգի մասին» նախագիծը, որով նախատեսված է սահմանել մեկ միասնական ստանդարտ ՀՀ օրհներգի համար, ըստ այդմ՝ ՀՀ օրհներգն օրենքի ընդունումից հետո պետք է կատարվի բացառապես ԿԳՄՍՆ-ի հրապարակած պաշտոնական տարբերակին համապատասխան: Նախագծով առաջարկվում է նաև ՀՀ օրհներգի տեքստը վերադասավորել այնպես, որ այն ավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան» տողով: Նախագծի ընդունումից հետո, բացի դպրոցներից և բուհերից, որտեղ արդեն իսկ գործող տարբերակով պետք է հնչեր, օրհներգը կհնչի նաև նախադպրոցական հաստատություններում, ինչպես նաև մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություններում: 

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ խմբակցությունը հարցի քվեարկությանը չի մասնակցելու՝ ակնկալելով ավելի լայն հանրային քննարկում, ինչպես նաև այն, որ հետագայում իրենց առաջարկությամբ բոլոր խորհրդանիշների վերաբերյալ օրենքներում փոփոխություններ կկատարվեն: «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ քվեարկեց: Նախագիծն ընդունվեց 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները