Հետևեք մեզ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էջմիածնի ԲԿ-ի տնօրինությանը և բուժանձնակազմին

21:22, 05 մարտ 2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էջմիածնի ԲԿ-ի տնօրինությանը և բուժանձնակազմին

 

Մարտի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Էջմիածնի բժշկական կենտրոնի տնօրինությանը և բուժանձնակազմին՝ գլխավորությամբ ԲԿ տնօրեն Գոռ Ասատրյանի։ 

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ներկաներին առողջապահության ոլորտում իրենց նվիրյալ և աստվածահաճո առաքելության համար՝ հորդորելով, որ վերջիններս առավել մեծ նախանձախնդրությամբ իրենց մասնագիտական կարողություններն ու հմտություններն ծառայեցնեն ի խնդիր բուժման կարիք ունեցող անձանց ապաքինման: 
Նորին Սրբությունը կարևորեց նաև բուժանձնակազմի մասնագիտական ու խորհրդատվական ներուժի ներդրումն ազգաբնակչության շրջանում ծնելիության խթանման և առողջ սերունդ մեծացնելու գործում՝ ի նպաստ ազգային կենսունակության ամրապնդման ու հզորացման։

Իր հերթին ԲԿ տնօրեն տիար Ասատրյանը Հայոց Հայրապետին տեղեկություններ փոխանցեց բուժհաստատության ձեռքբերումների և գործունեության մասին՝ ընդգծելով, որ այն շարունակվում է վերանորոգվել, բարելավել պայմանները, համալրվել նոր բժշկական սարքավորումներով և բուժանձնակազմով, ինչը բարձրացնում է վստահությունն ու բուժսպասարկման որակն ազգաբնակչության շրջանում։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև առողջապահության ոլորտում առկա խնդիրներին։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծու օգնականությունն ու զորակցությունը հայցեց բուժաշխատողներին իրենց երախտարժան առաքելության մեջ:

Վերլուծական