Հետևեք մեզ։

Հայաստանը տարրական գործողություններ չի արել Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Նիկոլ Փաշինյանին

11:55, 06 մարտ 2025
Հայաստանը տարրական գործողություններ չի արել Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Նիկոլ Փաշինյանին

Արցախի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինաբար դատապարտվող Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը գրառում է  արել X-ում: Նա օրինակներով ներկայացրել է այլ երկրների կառավարությունների ձեռնարկած քայլերը, որոնք նպատակ են ունեցել ազատել  այլ երկրներում պահվող պատանդներին և հավելել․

«Անշուշտ, հայ պատանդներն արժանի են առնվազն այնքան օգնության, որքան մյուս կառավարություններն են ապահովում։ Ես լիովին համաձայն եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ նա պետք է «համաչափ» և «խելամիտ» ջանքեր գործադրի իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև Ադրբեջանում կալանավորված այլ հայ քաղբանտարկյալներին և գերիներին ազատելու համար։ 

Օրինակ, երբ ներկայացնում էի Իրանում երկու ամերիկացի պատանդի՝ Սիա Նամազի և նրա հոր շահերը, ԱՄՆ-ն պետական բանագնաց էր նշանակել պատանդների հարցով, որն աշխատում էր այդ գործով, Սպիտակ տունը և Պետքարտուղարությունը պարբերաբար հանդիպում էին իմ հաճախորդների ընտանիքների հետ։ Իրանում Շվեյցարիայի դեսպանությունում ԱՄՆ-ն ուներ «ԱՄՆ շահերի բաժին», որը հանդես էր գալիս բանտերում պահման պայմանների բարելավման օգտին և փորձում էր վերահսկել դատական պրոցեսները։ ԱՄՆ-ն նաև պատժամիջոցներ էր սահմանել իրանցի այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու էին պատանդառման համար։ Այս ամենը շատ համաչափ էր։

Այնուհանդերձ, ի զարմանս ինձ, որքանով ես կարող եմ ասել, Հայաստանը չի արել այս տարրական գործողություններից և ոչ մեկն Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար։ Հետևաբար, ես հարցնում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Դուք համաձա՞յն եք, որ նմանօրինակ գործողությունները ողջամիտ են և համաչափ կամ Դուք, իրոք պնդո՞ւմ եք, որ այն ջանքերը, որոնք ձեռնարկվել են նախագահ Թրամփի կողմից՝ Բելառուսից՝ ամերիկացի Մարկ Ֆոգելին և Վենեսուելայից վեց ամերիկացի պատանդներին ազատ արձակելու հարցում, ոչ խելամիտ և անհամաչափ էին»։

Վերլուծական