«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանն ու նրա ընտանիքի անդամները՝ հայրը` Ռազմիկ Թեւոնյանն ու մայրը՝ Ռուզան Մարգարյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տուգանվել են 200 հազարական դրամի չափով։ Ըստ հանձնաժողովի՝ Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանն իրավախախտում է թույլ տվել, հոր՝ Ռազմիկ Թեւոնյանի «Արալեզ-Ալկո գինու-կոնյակի գործարան» ընկերության 100 տոկոս բաժնեմասի, ինչպես նաեւ մոր՝ Ռուզան Մարգարյանի «Արփի գինու գործարան» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի վերաբերյալ տվյալները չհայտարարագրելով:
Թևոսյանը բացատրություն է տվել, որ չհայտարարագրելը չիմացության հետևանք է:
Մարզպետի հայրն ու մայրն էլ գրեթե նույն խախտման համար են տուգանվել։ Ռուզան Մարգարյանը՝ եկամուտների եւ ծախսերի հայտարարագրում չի հայտարարագրել իր՝ «Արփի գինու գործարան» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնետեր լինելու փաստը, իսկ Ռազմիկ Թեւոնյանը եկամուտների եւ ծախսերի հայտարարագրում չի հայտարարագրել իր՝ «Արալեզ-Ալկո գինու-կոնյակի գործարան» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնետեր լինելու վերաբերյալ տվյալը։ Ամուսինների փաստաբան Հովհաննես Ուրֆանյանը երկուսի դեպքում էլ իրավախախտման վերաբերյալ բացատրություն է ներկայացրել հանձնաժողով՝ նշելով․ «Բացթողումը եղել է չիմացության արդյունքում։ Հայտարարագիրը մարզպետն իր ընտանիքի անդամների հետ միասին լրացրել է, եւ չիմացության արդյունքում տվյալները չեն հայտարարագրել»։ Ներկայացուցիչը նաեւ նշել է, որ նրանք տվյալները թաքցնելու միտում չեն ունեցել։
Նշենք, որ Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը պաշտոնի նշանակվել է 2022 թ. հունվարի 13-ին։ Թեւոնյանը քաղաքական դաշտ է եկել հեղափոխությունից հետո։ Մինչ այդ նա 7 տարի զբաղվել է անհատ ձեռներեցությամբ, սակայն 2018-ից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է դարձել։ 2022 թվականին մարզպետը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ մեկ հողամաս՝ ձեռք բերված 1991-ին, եւ մեկ անհատական բնակելի տուն՝ ձեռք բերված 2010-ին. երկու գույքն էլ գտնվում են Արարատի մարզի Արալեզ գյուղում։ 2022 թվականին Թեւոնյանը Երեւանի Արաբկիր վարչական շրջանում բնակարան է նվիրատվություն ստացել Ռուզաննա Ստեփանյանից։ 2019 թվականին մարզպետը գնել է մեքենա՝ նույն տարվա արտադրության, Toyota մակնիշի։ Սրանք նրա ունեցվածքի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ են, սակայն, ինչպես ընդունված է մեր իրականությունում, պաշտոնյաներն իրենց կարողությունները միշտ չէ, որ իրենց անունով են գրանցում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: