Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել Բաքվում պատանդառված Դավիթ Մանուկյանի մասին.
«Ռուբեն Վարդանյանը իր այսօրվա ուղերձում խոսել է Դավիթ Մանուկյանի և նրա տիկնոջ մասին:
Իմ գրություններում անդրադարձել եմ այդ թեմային՝ չնշելով անունը, քանի որ լրագրողական էթիկայի տեսակետից ճիշտ չեմ համարել դա:
Ահա իմ հոդվածից այդ հատվածը.
"Սեպտեմբերի 27-ին Վարդանյանը ձերբակալվեց Հակարիի անցակետը հատելու եւ Հայաստանի Հանրապետություն անցնելու ժամանակ: Նրա մեքենայում եղել է նաեւ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, ինչպես նաեւ մեկ այլ անձնավորություն, որին Բաքվում երկու օր պահելուց հետո վերադարձրել են հայկական կողմին":
Քանի որ թեման բացվել է, մեկ բան էլ ավելացնեմ:
Դավիթ Մանուկյանը չի եղել Բաքվի պահանջած հինգ հայերի ցուցակում: Նա ձերբակալվել և Բաքու է տարվել ոչ թե այն պատճառով, որ եղել է Ռուբեն Վարդանյանի հետ, այլ որովհետև ընդվզել է, երբ ադրբեջանցիները սկսել են Ռուբենի ձերբակալման գործողությունը:
Եթե նա լռեր, ապա ոչ ինքը և ոչ էլ իր կինը չէին տարվի Բաքու: Ու հիմա Դավիթը կլիներ Հայաստանում՝ իր ընտանիքի հետ:
Չգիտեմ, թե ինչ բառով պետք է բնութագրել Դավիթի այս կեցվածքը»։