Մարտի 8-ին, ժամը 03:46-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղակերտ գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գեղակերտ գյուղի սկզբնամասում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, ճանապարհին կից կառուցված պարսպին և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորը դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: