Հետևեք մեզ։

Մարտի 8-ը առիթ է հիշեցնելու, որ կինը ոչ թե «խոցելի էակ» է կամ մեկը, ում կարելի է թիրախավորել, այլ ուժեղ անհատականություն է, որն ունի հստակ ձայն. Նազելի Բաղդասարյան

14:55, 08 մարտ 2025
Մարտի 8-ը առիթ է հիշեցնելու, որ կինը ոչ թե «խոցելի էակ» է կամ մեկը, ում կարելի է թիրախավորել, այլ ուժեղ անհատականություն է, որն ունի հստակ ձայն. Նազելի Բաղդասարյան
Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը շնորհավորել է Կանանց միջազգային օրվա կապակցությամբ․
 

«Մարտի 8-ը բնավ ծաղիկներ նվիրելու, գեղեցիկ խոսքեր շռայլելու մասին չէ։ Այս օրը մեկ առիթ է, որ մենք՝ կանայք, առավել գիտակցված և ընդգծված մոտենանք մեր իրավունքների պաշտպանությանը։
Մարտի 8-ը առիթ է հիշեցնելու, որ կինը ոչ թե «խոցելի էակ» է կամ մեկը, ում կարելի է թիրախավորել, այլ ուժեղ անհատականություն է, որն ունի հստակ ձայն, վճռականություն և անսահման ներուժ՝ փոխելու իրեն շրջապատող աշխարհը։

 
Հանրային, սոցիալական, կառավարման եւ քաղաքական ոլորտներում կանանց ներգրավվածությունն առավել ընդգծված է վերջին տարիներին։ Այս փոփոխությունները գալիս են կոտրելու այն կարծրատիպերը, որոնք տարիներով արմատացած են եղել հասարակության մեջ, սակայն այսօր ժամանակավրեպ են եւ այլեւս անբովանդակ։
 
 
Կանանց ակտիվ դերակատարությունն արդեն իսկ իրականություն է, որի շնորհիվ հասարակությունն ավելի ուժեղ, ճկուն և արդյունավետ է դառնում։ Սակայն ձեռք բերված հաջողությունները չպետք է մեզ ստիպեն նահանջել կամ կանգ առնել, այլ պետք է ծառայեն որպես ամուր հենք՝ կանանց նկատմամբ խտրականությունը արմատապես հաղթահարելու, իրավահավասար եւ արդար հասարակություն կերտելու համար։

 
Առկա առաջընթացը նաև պատգամ է մեզ՝ կանանց, շարունակել զարգացնել մեր կարողությունները, պահանջատեր լինել մեր իրավունքներին վերաբերող հարցերում և չհրաժարվել փոփոխությունների գործընթացում առաջամարտիկի մեր կարևոր դերակատարումից»։

Վերլուծական