Գյումրու ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանը, պատասխանելով ՔՊ-ականների այն պնդումներին, թե Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը կուսակցական չի եղել, առավել ևս՝ ՀՀԿ-ական, երեկ Aravot.am-ին տեղեկացրել էր, որ նա 2017 թվականին անդամագրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ դիմում ներկայացնելով «ՀՀԿ Գյումրի-1» կառույցին։ «Նա կուսակցությանն անդամագրվել է իր դիմումի համաձայն, սակայն կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել։ Նրան հեռացրել ենք կուսակցությունից, երբ 2018 թվականի հեղափոխությունից հետո ՀՀԿ անդամների վերահաշվարկ ենք կատարել, նա չի ներկայացել վերահաշվարկին»,-հայտնել էր Արտյոմ Ղուկասյանը՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում հրապարակել փաստաթղթեր, որոնք կապացուցեն Սարիկ Մինասյանի՝ նախկին ՀՀԿ-ական լինելու մասին։
Եվ մինչ այս թեմայի շուրջ Aravot.am-ը կլսեր Սարիկ Մինասյանի պարզաբանումը, նա իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում կոշտ ձևով պատասխանեց ՀՀԿ-ականներին՝ կտրուկ հերքելով ՀՀԿ-ի հետ իր առնչությունը։
Սարիկ Մինասյանը գրել էր․ «Հանրապետական կուսակցությունը, լավ հասկանալով, որ որպես կուսակցություն ի զորու է միայն սևացնել այս կամ այն մարդուն՝ ՀՀԿ-ականի պիտակը նրան կպցնելով, փորձում է դա անել իմ նկատմամբ»,- և պնդել էր, որ ՀՀԿ անդամ չի եղել:
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես երբեք չեմ եղել Հանրապետական կուսակցության անդամ։ Այն, որ ժամանակին հանրապետականները կուսակցական շեֆերի աչքին բարձրանալու համար քիչ էր մնում մանկապարտեզի երեխաների անունները ցուցակով տանեին ու ներկայացնեին որպես նոր կուսակցականներ, դա գիտեի, բայց որ մի օր ինքս պիտի դառնայի նման խարդավանքի զոհ, չէի կարող պատկերացնել։ Ես գյումրեցիների առաջ պարզ ճակատ եղել եմ ու հենց այդպես էլ մնում եմ։ Բոլորդ էլ գիտեք, որ ես երկար տարիներ աշխատել եմ Գյումրու համայնքապետարանում, Սոցիալական ապահովության պետական ծառայությունում ու եթե ինչ-որ մեկն այդ հանգամանքից ելնելով՝ առանց ինձ հարցնելու, իմ անունը այս կամ այն ցուցակի մեջ է գրել ու սրա-նրա առաջ ինձ կուսակցական դիմումատու ներկայացրել, ուղիղ ասում եմ՝ գլուխը պատին է տվել»։
Սարիկ Մինասյանի պաշտոնական այս հայտարարությանն ի պատասխան՝ ՀՀԿ Գյումրու կառույցը տրամադրել է փաստաթղթեր՝ ստորագրված ու ձեռագրով լրացված (տես փաստաթղթերը)։
Մյուս փաստաթուղթը Սարիկ Մինասյանի անձնական թերթիկն է, որից ակնհայտ է դառնում, որ նա Գյումրու քաղաքապետարանում բաժնի պետի պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանում է անդամագրության դիմում ներկայացրել ՀՀԿ-ին։
Նկատենք, որ երկու փաստաթղթերում էլ Aravot.am-ը ծածկել է նրա անձնական տվյալները՝ տան հասցեն, հեռախոսահամարը, նաև անձնագրի համարը։ Ինչևէ, Գյումրու ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանը ՔՊ-ականներին ու Սարիկ Մինասյանին կոռեկտության կոչ է անում։ «Գյումրիում ընտրապայքարի դուրս եկած ՔՊ-ին ու ՔՊ-ի Սարիկ Մինասյանին կոչ եմ անում պահպանել կոռեկտությունը»:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: