Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում սկսվել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը:
Ուկրաինական պատվիրակության կազմում են նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտգործնախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ ԱՄՆ-ի կողմից բանակցություններին մասնակցում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը։
Լրագրողներին կարճ ժամանակով թույլ են տվել մտնել հյուրանոցի կոնֆերանս-դահլիճ, սակայն հանդիպման մասնակիցները ոչ մի հարցի չեն պատասխանել։
Ավելի վաղ Ռուբիոն հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայում հանդիպման ժամանակ ԱՄՆ-ն հույս ունի հասկանալ Ուկրաինայի մտադրությունները և Կիևի ու Մոսկվայի դիրքորոշումների տարբերությունը։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ վարչակազմը լավատեսորեն է տրամադրված ուկրաինական կողմի հետ բանակցությունների նկատմամբ։
Պետքարտուղարը նշել է, որ այս հանդիպումից կախված կլինի՝ արդյոք Միացյալ Նահանգները կվերսկսի Կիևին ռազմական օգնության և հետախուզական տվյալների տրամադրումը։ Նա նաև ասել է, որ պարտադիր չէ, որ ԱՄՆ-ն և Ուկրաինան հենց մարտի 11-ին համաձայնեցնեն հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագիրը:
Ըստ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ Կրեմլում սպասում են, որ ԱՄՆ-ն ինչ-որ ձևով Ռուսաստանին կտեղեկացնի Սաուդյան Արաբիայում ամերիկա-ուկրաինական բանակցությունների արդյունքների մասին։