Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական թեմաների լուսաբանման հարցում առաջատար WION լրատվամիջոցին:
Հատված հարցազրույցից․
- Այժմ եկե՛ք անդրադառնանք միջազգային իրադրությանը և խոսենք այն մասին, թե ինչպես են երկու երկրները համագործակցում միջազգային մակարդակով։ Ինչպե՞ս եք գնահատում Հնդկաստանի աջակցությունը Հայաստանին այն ժամանակ, երբ դուք բախվում էիք բազմաթիվ խնդիրների ձեր հարևանների, հատկապես Ադրբեջանի հետ։ Այսպիսով, ինչպե՞ս կգնահատեք Հնդկաստանի դերը և աջակցությունը Հարավային Կովկասում։
Արարատ Միրզոյան. Միջազգային հարթակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությանն անդրադառնալով` պետք է նշեմ, որ այստեղ մենք շատ սերտ համագործակցություն ունենք։ Մենք աջակցում ենք միմյանց թեկնածություններին, շատ հաճախ փոխադարձաբար աջակցում ենք տարբեր միջազգային հարթակներում միմյանց նախաձեռնություններին։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա այստեղ պետք է ասեմ, որ մենք շատ մոտ ենք, նկատի ունեմ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը: Եթե մեզ հաջողվի նախևառաջ ավարտին հասցնել պայմանագրի մշակումը, իսկ այնուհետև ստորագրել այն, ապա դա կլինի խաղաղության և կայունության ամենաուժեղ հենասյուներից մեկը Հարավային Կովկասում։ Եվ սա գալիս է նաև լրացնելու այն մյուս քայլերը, բանակցությունները և համաձայնությունները, որոնք մենք արդեն ունենք Ադրբեջանի հետ: Օրինակ՝ ընդամենը մի քանի ամիս առաջ մեզ հաջողվեց ստորագրել և այնուհետև վավերացնել երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացով զբաղվող սահմանային հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգը:
Ես արդեն հնարավորություն ունեցա նշելու տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ մեր առաջարկի մասին: Եվ նաև կարող եմ հավելել, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների փոխադարձ վերահսկողության և վերիֆիկացիայի մեխանիզմ ստեղծել: Այսպիսով, բոլոր այս գործիքները կարող են օգնել մեզ հաստատել երկարատև և կայուն խաղաղություն մեր տարածաշրջանում։ Բոլոր այն երկրները կարող են դրական դերակատարում ունենալ՝ ողջունելով երկու կողմերի, երկու երկրների կառուցողական քայլերը։ Մյուս կողմից, իհարկե, պետք է նաև նշեմ, որ այն համաձայնությունները, որոնց մենք արդեն հասել ենք Ադրբեջանի հետ, ձեռք են բերվել երկկողմ ուղիղ բանակցությունների միջոցով։ Հուսով եմ՝ մենք շուտով կհասնենք այդ նպատակին։