ԱՄՆ և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները Սաուդյան Արաբիայում ավարտվել են․ դրանք նախատեսվում է շարունակել չորեքշաբթի, հաղորդում է Financial Times։ Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման արդյունքներով կողմերը կներկայացնեն համատեղ հայտարարություն, որտեղ ի մի կբերեն բանակցությունների արդյունքները։ Սպիտակ տնից հաղորդել են, որ Միացյալ Նահանգները շուտով կներկայացնեն Ուկրաինայի պատվիրակության հետ հանդիպման արդյունքները։
«Պետքարտուղար Ռուբիոն և մեր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն այսօր բանակցություններ են վարել ուկրաինացիների և սաուդցիների հետ․ նրանք շուտով կներկայացնեն այս հանդիպման մասին ամբողջական զեկույց»,- հաղորդել են Սպիտակ տնից՝ ընդգծելով, որ հանդիպումը շատ արդյունավետ է եղել, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպման արդյունքների մասին դրական լուրեր է ստացել։
Սաուդյան Արաբիայում ԱՄՆ հետ բանակցությունների արդյունքում Ուկրաինան ընդունել է Միացյալ Նահանգների առաջարկը՝ 30 օր կրակի դադարեցման մասին, ասվում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ կրակի դադարեցման ռեժիմը կարող է երկարաձգվել, եթե ՌԴ-ն ընդունի առաջարկը։ ԱՄՆ-ն նաև անհապաղ կվերականգնի Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման գործընթացը։