Հայաստանը կարող է հայտնվել ռուսական ապատեղեկատվական հարձակումների թիրախում, որոնք կարող են ազդեցություն ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նա հիշեցրեց, որ Մոլդովայում և Վրաստանում նմանօրինակ արշավներ արդեն իսկ իրականացվել են։
«Մենք մեր մտահոգություններն ենք բարձրաձայնել՝ ապատեղեկատվության, ընտրությունների մասին, որոնք տեղի են ունեցել Մոլդովայում և Վրաստանում։ Մենք այստեղ ռուսական ապատեղեկատվական արշավներ ենք տեսնում։ Կա ռիսկ, որ ապագայում թիրախ կդառնա նաև Հայաստանը, որի նպատակը կլինի վնասել նրա հարաբերությունները Ուկրաինայի և այլ երկրների հետ, ինչպես նաև լարվածություն հրահրելը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասաց Վելդկամպը։
Նիդեռլանդների արտգործնախարարը նշեց, որ իրենք պատրաստ են աջակցել Հայաստանին տեղեկատվական անվտանգության և կիբեռսպառնալիքների դեմ պայքարում։
«Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ նաև այս ոլորտում, հատկապես՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում»,- ընդգծեց Վելդկամպը։