Հետևեք մեզ։

Առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները բարիդրացիական են. Ավանեսյանն ընդունել է Իտալիայի դեսպանին

17:25, 12 մարտ 2025
Առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները բարիդրացիական են. Ավանեսյանն ընդունել է Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:

Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են: 

Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել 2023թ.-ի սեպտեմբերին Ստեփանակերտի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեր քաղաքացիների բուժօգնության կազմակերպման հարցում Իտալիայի աջակցությունը:

Անդրադարձ է եղել երկու երկրների մի շարք բժշկական կենտրոնների միջև սերտ համագործակցությանը, փորձի փոխանակմանը:

Նախարարը դեսպանին է ներկայացրել առողջապահական ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունները` անդրադառնալով ոլորտի թվայնացման ներկա գործընթացին, համապարփակ ապահովագրության ռեֆորմին:

Դեսպանն իր խոսքում ընդգծել է երկու երկրների բժշկագիտության ոլորտում համագործակցության ծավալման զգալի ներուժը` առաջարկելով կազմակերպել հանդիպումներ և իրականացնել ծրագրեր նաև ակադեմիական մակարդակում:

Հանդիպման ավարտին նախարար Ավանեսյանը նշել է, որ նորանշանակ դեսպանը կարևոր դեր կունենա երկկողմ համագործակցության խորացման գործում:

Վերլուծական