Կիրանցի դպրոցից եւս 4- 5 աշակերտ է դուրս եկել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Տավուշի բնակիչ Կարեն Ղազարյանը՝ նկատելով, որ գուցե թվում է, որ քիչ թիվ է, բայց Կիրանցի համար այն մեծ է։
Նշենք, որ կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ սահմանազատումից հետո Կիրանցի դպրոց հաճախող աշակերների թիվը այս ուսումնական տարում նվազել է 15 տոկոսով։ Հիմա էլ հայտնի է դառնում, որ եւս 4-5 աշակերտ դպրոցից դուրս է եկել։
Կ. Ղազարյանի փոխանցմամբ՝ երեխաների ընտանիքները չեն արտագաղթել, շարունակում են բնակվել Կիրանցում, բայց ծնողները ապահով չեն զգացել երեխային ուղարկել թշնամու թիրախի տակ գտնվող դպրոց։
«2 երեխա Աճարկուտում է դպրոց գնում, մեկը՝ Ծաղկավանում, մեկ ուրիշին էլ այլ գյուղ են տարել։ Սահմանամերձ գյուղի համար դպրոցից երեխա տանելն արդեն նշանակում է, որ ընտանիքը նրա ապահովության համար հանգիստ չէ»,- ասաց մեր զրուցակիցը։ Նրա փոխանցմամբ՝ մի ընտանիք ընդհանրապես է տեղափոխվել, քանի որ Կիրանց գյուղից տարածք հանձնելիս սեփականություն էր կորցրել եւ ստացած փոխհատուցմամբ բնակարան է գնել ու տեղափոխվել է Իջևան։
Ինչ վերաբերում է սահմանագծման նոր փուլին, ապա Տավուշի բնակիչները նորություն չունեն ու գտնվում են սպասողական վիճակում։
«ժողովրդի հետ, որ խոսում եմ, կան մարդիկ, որ վախով էլի վատ լուրերերի են սպասում, չեն վստահում սահմանազատման գործընթացին ու հույս ունեն , որ էլի բողոք կբարձրանա, եթե ճանապարհ տան, գյողերից հող տան»,- նշել է մեր զրուցակիցը։
Նշենք, որ Կիրանցի նորակառույց դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, սակայն սովորում է 36 աշակերտ: