Հետևեք մեզ։

Հովիկ Աղազարյանի դեմ ցուցմունք տված անձը Նիկոլ Փաշինյանի նախկին խցակիցն է. «Հրապարակ»

10:32, 13 մարտ 2025
Հովիկ Աղազարյանի դեմ ցուցմունք տված անձը Նիկոլ Փաշինյանի նախկին խցակիցն է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Ազգային ժողով՝ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդագրով։ Ծավալուն միջնորդությունները տեղադրված են խորհրդարանի կայքում։ Ըստ դատախազության, կան փաստական հիմքեր՝ անցած տարեվերջին ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանի նկատմամբ «առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու եւ պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու» հոդվածներով քրեական հետապնդում հարուցելու համար: 


Եվ չնայած անցած տարեվերջից ՔՊ-ականները թմբկահարում են Աղազարյանի աններելի մեղքի մասին՝ իբր պատգամավորը պետական գաղտնի տեղեկատվության արտահոսք է կազմակերպել, սակայն դատախազության միջնորդագրում ներառված է «ոչխարների» հայտնի կաշառքի գործը, որի նախաքննության ընթացքում խառնիճաղանճ այլ դեպքերի վերաբերյալ էլ են իբր բացահայտումներ արվել։ Ըստ դատախազության՝ Աղազարյանը 300 հազար դոլար կաշառք է ուզել գործարարից՝ Հայաստանից «առանց խոչընդոտների» մանր եղջերավոր անասուններ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելուն աջակցելու համար։ Վկա Հայկ Նազարյանը նախաքննության ընթացքում, ի թիվս այլնի, ցուցմունք է տվել, որ 2023 թվականի ձմռանն իրեն է դիմել ֆեյսբուքյան ընկերներից մեկը` Գոհարը, եւ հայտնել, որ Հովիկ Աղազարյանն իր եղբորից՝ Արամից, շինթույլտվության համար տարբեր չափերի գումարներ է վերցրել։ Ի դեպ, նույն Գոհարն արդեն իր հարցաքննության ժամանակ ասում է, որ Արամն իր ընկերուհի Ռուզաննա Մկրտչյանի եղբայրն է։ Արամն իրեն պատմել է, որ գումարները տվել է Հովիկ Աղազարյանին` ինչ-որ մանկապարտեզ վերանորոգելու, դրա մոտ պետության կողմից իրեն հողատարածք տրամադրելու եւ դրա վրա էլիտար շենք կառուցելու համար։ Արամն իրեն հայտնել է նաեւ, որ դրանից առաջ Հովիկ Աղազարյանի հետ նույնաբովանդակ գործարքներ է կատարել նաեւ Դավթաշենում։ Հովիկ Աղազարյանին տրված գումարի մեջ ներառվել է նաեւ նրա ընկերուհու համար ընդհանուր 8 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բջջային հեռախոսը եւ մատանու գումարը, որը գնել է Արամը եւ նվիրել Հովիկ Աղազարյանի ընկերուհուն, երբ Աղազարյանը բացակայել է Հայաստանի Հանրապետությունից։ 

 

Գոհարի ցուցմունքով, Արամ Մկրտչյանը վերցրել է 23 հազար ԱՄՆ դոլար գումար` շենքի կառուցման շինթույլտվության հարցը լուծելու համար, սակայն այդ գործընթացը ձգձգել է, իսկ այն անձինք, ովքեր այդ գումարը տվել են Արամին, պահանջել են վերադարձնել։ Բացի այդ, Արամը հայտնել է նաեւ, որ Հովիկ Աղազարյանը հանդիսացել է իր քավորը։ Ուշագրավ է, որ Արամ Մկրտչյանն անցած տարվա փետրվարից բացակայում է Հայաստանից։

 

Հովիկ Աղազարյանը մեզ փոխանցեց, որ դատախազության այս միջնորդությունն իր համար անակնկալ չէր, թեեւ դեռ չի ծանոթացել միջնորդության տեքստին, բայց մեղադրանքները չի ընդունում, գիտի, որ ամբողջը շինծու է։ Պարզվում է՝ Աղազարյանն ավելի քան 3 տարի առաջ Արամ Մկրտչյանի քավորն է դարձել, իսկ Մկրտչյանը Նիկոլ Փաշինյանի խցակիցն է եղել, երբ Փաշինյանը կալանավորվել էր 2008 թվականի հայտնի իրադարձություններից հետո` 2009-ին։ Աղազարյանն ասում է, որ հետո է պարզել, որ իր անունից իր սանիկը տարբեր մարդկանց է «քցել», գումարներ յուրացրել եւ անցած տարվանից գտնվում է հետախուզման մեջ: Վերոնշյալ 23 հազար դոլարի պատմության մասին էլ անցած տարի մամուլը գրել էր, Աղազարյանը դիմել է Քննչական կոմիտե եւ հայտնել, որ ինքը կապ չունի դրա հետ, ու գործը կարճվել է։ 

 

Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանը գտել-բերել է Արամ Մկրտչյանին, հանել նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը՝ պայմանով, որ ցուցմունք տա քավորի դեմ։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի ներում նախկին թիմակցին, որը չենթարկվեց իրեն ու վայր չդրեց մանդատը, Աղազարյանին հասցեագրված մեղադրանքի հիմնավորման դեպքում նրան 7-12 տարվա ազատազրկում է սպասվում։

 

Ինչ վերաբերում է ՀՀԿ անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ապա նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունների չարաշահման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման հոդվածներով: Խոսքը շուրջ 7 տարի քննվող գործի մասին է, որը գլուխ կոտրելուց հետո Փաշինյանի իրավապահները որոշել են որակավորել մեղադրանքը՝ դարձնելով փողերի լվացում ու մտնել խորհրդարան, հակառակ դեպքում գործը փլվելու էր` Մարգարյանն արդարացվելու էր դատարանում, իսկ Նիկոլ Փաշինյանին եւ իր խմբակին հեչ պետք չեն նախընտրական շրջանում նման զարգացումները, քանի որ, ինչպես տեսնում ենք, կրկին ասպարեզ են հանել նախկինների թալանի մասին հնամաշ լոզունգները։


Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարող է քննարկվել խորհրդարանի ե՛ւ հերթական, ե՛ւ արտահերթ նիստում: ԱԺ հերթական նիստը նշանակված է մարտի 25-ին, նախնական որոշմամբ հենց այդ նիստին էլ կքննեն դատախազի միջնորդությունները։ Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին ԱԺ որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների նվազագույնը 51 կողմ ձայնով։ Մեր տեղեկություններով, անգամ ՔՊ-ում այս միջնորդություններին վատ են վերաբերվել` համարելով, որ ակնհայտորեն քաղաքական հետապնդում է իրականացվում: Տեսնենք, թե ինչպես կքվեարկեն»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Վերլուծական