Հետևեք մեզ։

Ինչպես հայկական հեքիաթում, Քաջ Նազարին թագավոր է ընտրում ժողովուրդը, և դա մեր որոշման արդյունքն է, ոչ թե նրա, լսեք ինձ. Ռուբեն Վարդանյանը՝ Բաքվի բանտից

13:25, 13 մարտ 2025
Ինչպես հայկական հեքիաթում, Քաջ Նազարին թագավոր է ընտրում ժողովուրդը, և դա մեր որոշման արդյունքն է, ոչ թե նրա, լսեք ինձ. Ռուբեն Վարդանյանը՝ Բաքվի բանտից

Ռուբեն Վարդանյանը հայտարարել է՝ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե  այնտեղ  լինեն  միջազգային ներկայացուցիչներ:


«Ցանկանում եմ դիմել բոլորին և խնդրել (անկախ նրանից, թե ինչպես եք ինձ վերաբերվում) լսել իմ այս ուղերձը: Հուսով եմ՝ այն կլինի պարզ ու հստակ: Ես դիտմամբ ազգանուններ չեմ նշում՝ չցանկանալով ուշադրությունը շեղել անձանց վրա: 

Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի. 

Ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ,

Ցույց տալ, որ այստեղ ինձ միայն չեն դատում, դատում են բոլոր հայերին և հենց պետությանը,

Ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել այստեղ {Արցախում}, այլ չհեռանալ: 

Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել ռուսական հեքիաթից հայտնի ընտրության մասին. ընտրություն, որը պետք է կատարվի նժույգի՝ Հայրենիքի կորստի, սրի՝ պատվի կորստի և կյանքի կորստի միջև: Եվ հերոսը պետք է այդ ընտրությունը կատարի, քանի որ տեղում կանգնելը լիակատար ոչնչացում է: Այդ ընտրությունը հեշտ չէ, բայց այն պետք է արվի յուրաքանչյուրի կողմից, այդ թվում նրանց կողմից, ովքեր ապրել էին Արցախում, երբ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ այս ընթացքում և մինչև այդ՝ վերջին երեսուն տարիներին, և մինչ այդ՝ հազարամյակների ընթացքում:  

Այս վերջին դատական նիստը վառ օրինակ էր այն բանի, թե ինչ տեղի կունենար, եթե արցախցիները մնային իրենց տանը և ինչ գին կվճարեին դրա համար: Այդ նիստում Ստեփանակերտում ապրող երկու արցախահայ իմ դեմ ցուցմունք տվեցին՝ այդ թվում պնդելով տարբեր անհավանական բաներ: Ընդ որում, նրանք կյանքում ինձ չեն էլ տեսել, բացի այդ, նրանք իրենք էին գտնվում սարսափելի վիճակում, բայց այդուհանդերձ, հանդես եկան դատարանում, և ես նրանց շատ խղճացի:

Մարդն ամեն ինչի համար ինչ-որ գին է վճարում. և այն հայի օրինակը, որին ձերբակալել-տարել էին հենց Կարմիր Խաչի ավտոմեքենայից ու դատապարտել տասնհինգ տարվա ազատազրկման, և այս երկու անձանց օրինակը պարզ զգուշացում է, որ ձեզ ձեր տներում հանգիստ թույլ չէին տա ապրել: Եվ յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող էր հայտնվել երեկվա երկու վկաների կամ՝ բոլոր սարսափելի հանցագործությունների մեջ մեղադրվողի տեղում: Ու բոլորովին կապ չունի՝ մեղավոր եք դուք, թե ոչ, կատարել եք այդ հանցագործությունները, թե ոչ: 

Ցանկանում եմ առանձին նշել, որ այսօր այստեղ ցուցմունք է տալիս Արցախի նախկին նախագահը, իսկ Արցախի լեգիտիմ նախագահը գտնվում է Հայաստանում, և դա, հավատացեք, մեծապես փոխում է իրավիճակն ու այն խոսքերի կշիռը, որոնք այստեղ ասվում են նախկին նախագահի կողմից: 

Զարմացած եմ Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ արցախցիների  նկատմամբ ատելության խորությունից, և ուրախ եմ, որ խանգարեցի նրանց իրականացնել իրենց ծրագիրը, որը նրանք ամեն կերպ առաջ էին մղում և նպաստում էին, որպեսզի Արցախի որոշ լիդերներ՝ թե գործող, թե նախկին, իրականացնեն ուրիշի կողմից գրաված այդ սցենարը, որպեսզի հետո իրավունք ունենային ասել. «Տեսեք, իսկ նրանց պատճառով զոհվեցին ձեր որդիները: Եվ դուք դեռ մեզ ե՞ք ինչ-որ բանում մեղադրում, իսկ նրանք ծախվեցին ու հիմա ուրախ-զվարթ կարող են ապրել, մինչդեռ դուք այստեղ ողջ կյանքում սգալու եք ձեր հարազատների կորուստը»:

Ուզում եմ բարոյական  բոլոր հաշմանդամներին ասել, որ իրենք տանուլ են տվել. նրանք, ովքեր ցանկանում էին դա, և թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում համապատասխան քայլեր էին արել, և բոլոր նրանք, ովքեր հիմա հայտարարում են, թե ինչու մինչև վերջ չկռվեցին, այլ դուրս եկան: Ձեզ չի հաջողվել ոչնչացնել սովորական հայերի պատիվն ու արժանապատվությունը: Ոչ միայն արցախահայության, այլև բոլոր հայերի: 

Տեղեկատվության կարգով ասեմ հետևյալը: վերջին ռազմական գործողության ընթացքում մյուս կողմի կրած կորուստների պաշտոնապես ընդունված թիվը չորս անգամ գերազանցում է 44-օրյայի ժամանակ նրանց կորուստների թվին: Թող Հայրենիքի համար ընկածների հիշատակը միշտ վառ լինի:

 

Եվ վերջինը: Ով որ ձեզ վախեցնում է հերթական ռազմական պատերազմով՝ նորից մոլորեցնում է ձեզ: Այսօրվա աշխարհում սեփական պետությունն ունենալու իրավունքը տանուլ տալու շատ այլ միջոցներ կան: Արդեն պարտադիր չէ նվաճել  ռազմական ճանապարհով, հիմա պատերազմը նորից է շարունակվում, պարզապես հնարավոր է առանց անգամ մեկ կրակոցի նվաճել տեխնոլոգիաների, ֆինանսների, տնտեսական կախվածության, ենթակառուցվածքների, ինֆորմացիայի, քաղաքական պատերազմների միջոցով: Եթե դուք այդպես էլ ապրեք պատրանքներում, թե ամեն ինչ վերջանալու է, և դուք հանգիստ կարող եք ապրել ու վաստակել, ապա դա ինքնախաբեություն է:

Արցախը կորցնելով՝ առաջիկա տարիներին մենք կկորցնենք նաև Հայաստանը, եթե արմատապես չփոխենք մեր վերաբերմունքն այնպիսի հասկացությունների նկատմամբ, թե ինչ է էլիտան, իշխանությունը, պետությունը և թե ով պետք է մեզ ղեկավարի: Լսեք ինձ և մտածեք այդ մասին, քանի դեռ ուշ չէ: Եվ հիշեք, միշտ, ինչպես հայկական հայտնի հեքիաթում, Քաջ Նազարին թագավոր է ընտրում ժողովուրդը, և դա մեր բոլորիս որոշման արդյունքն է, ոչ թե նրա»,-մասնավորապես նշել է Վարդանյանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները