Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում զրուցել է Թուրքիայից լրագրողների հետ։ Hayastan.news-ը ներկայացնում է CNN Turk-ում հրապարակած հոդվածի թարգմանությունը․
Նիկոլ Փաշինյան- Թուրքիայի Հանրապետության լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, ողջունում եմ բոլորիդ։ Ինչպես հիշում եմ, սա աննախադեպ հնարավորություն է և աննախադեպ ձևաչափ, նկատի ունեմ, որ այս ձևաչափով նման խոսակցություն երբեք չի եղել, և կարծում եմ, որ լավ է, որ մենք այսօր հնարավորություն ունենք զրուցելու և կիսվելու մեր մտքերով։ Բոլորիդ մաղթում եմ հաջողություն աշխատանքում և պատրաստ եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին։
T24- Հարգելի վարչապետ, մենք թուրքերեն ասացվածք ունենք. «Ջուրը երիտասարդների համար է, խոսքերը՝ մեծերի համար, հուսով եմ՝ ես այս խմբի ամենատարեց մարդը չեմ, բայց իմ ընկերները հանձնարարել են ինձ շնորհակալություն հայտնել: Այնպես որ, մենք անչափ շնորհակալ ենք այս բացառիկ հնարավորության համար և ցանկանում ենք սկսել մեր խոսքը երախտագիտության այդ զգացումով. շնորհակալություն ոչ միայն ձեզ, այլև ձեր թիմին, շնորհակալություն ամեն ինչի համար:
Sözcü TV- Որտե՞ղ ենք մենք այս պահին Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում: Եվ ինձ հետաքրքրում է այսպիսի հարց. եթե մի օր հեռանաք քաղաքականությունից և թոշակի անցնեք, ի՞նչ ժառանգություն կուզենայիք թողնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և մասնավորապես Հարավային Կովկասի հետ կապված: Ինչպիսի՞ երազանք ունեք տարածաշրջանի համար։
-Նիկոլ Փաշինյան- Երկրորդ հարցին միանշանակ պատասխան տալը շատ դժվար է, քանի որ դեռ պետք է տեսնենք, թե ինչ արդյունքներ ենք արձանագրել և ինչ արդյունքներ կարող ենք ամփոփել։ Իհարկե, եթե խոսենք ցանկությունների մասին, ես անպայման կցանկանայի, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, սահմանը բաց լինի երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի համար, իսկ առևտրային կապերը՝ ուղիղ, որովհետև այսօր էլ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի բավականին մեծ ծավալ կա, կան բիզնես կապեր, բայց դա հիմնականում անուղղակի է, և իհարկե, այս երկխոսությունը, որ սկսվել է Հայաստանի և Թուրքիայի միջև, շատ կարևոր է։ Ինձ հաճախ են հարցնում, թե ինչ արդյունքներ են ձեռք բերվել Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Իհարկե, մենք սովորաբար ասում ենք, որ մեր հատուկ ներկայացուցիչների ձևաչափով կայացած բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանը, խոսքը ցամաքային սահմանի մասին է, կբացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, և, իհարկե, ակնկալում ենք, որ այդ համաձայնությունը կիրականանա։ Այս համաձայնությունը ձեռք է բերվել 2022 թվականի ամռանը, բայց քանի որ այն դեռ չի իրականացվել, շատերը դա մեկնաբանում են որպես Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որևէ արդյունքի բացակայության հետևանք։ Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական ուղիղ կապի մեջ են։ Եվ նորից ասեմ, որ դրսից սա կարող է շոշափելի արդյունք չթվալ, բայց ինձ և պետական կառավարման համակարգի մարդկանց համար սա շոշափելի արդյունք է։ Որովհետև նախկինում մենք նույնիսկ հնարավորություն չունեինք միմյանց հեռանկարները ճշտելու, գիտե՞ք: Մենք սովորաբար տեղեկանում էինք երրորդ երկրների միջոցով, թե ի՞նչ են մտածում Անկարայում: Անկարան այդկերպ տեղեկանում էր, թե ինչ էին մտածում Երևանում։
Հիմա կան իրավիճակներ, երբ բառացիորեն մեր տարբեր ներկայացուցիչներ ուղղակիորեն զանգահարեն մեզ ու կասեն՝ ի՞նչ կարծիքի եք սրա վերաբերյալ։ Նրանք կարող են հարցնել, և սա շատ կարևոր փոփոխություն է։ Սա չափազանց կարևոր զարգացում է, և ես վստահ եմ, որ արդյունք կտա: Բացի այդ, մենք փոխադարձաբար ավելի լավ պատկերացում ենք ստանում, թե ինչ մարտահրավերների են բախվում կողմերը, ինչ խնդիրներ կան, որ հարցերն են պահանջում լրացուցիչ պարզաբանում, և որ հարցերի շուրջ են տարբերվում նրանց տեսակետները։ Եվ պետք է անկեղծորեն ասեմ, որ սա շատ կարևոր ձեռքբերում եմ համարում։
Այս ընթացքում մենք մի քանի անգամ հանդիպել ենք նախագահ Էրդողանի հետ, հեռախոսազրույցներ ենք ունեցել, արտգործնախարարները շփվել են և շարունակում են շփվել։ Մեր ենթակառուցվածքների նախարարը կապ է հաստատել իր գործընկերոջ հետ, կապեր է հաստատել նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը։ Իրար հետ շփման մեջ են նաև հատուկ ներկայացուցիչները։ Ունենք նաև համագործակցության կոնկրետ օրինակներ. վերջերս Թուրքիային արտահանձնեցինք երկու անձանց, որոնք հետախուզման մեջ էին կամ մեղադրվում էին Թուրքիայի արդարադատության համակարգի կողմից:
Սրանք կարող են մեծ ձեռքբերումներ չթվալ, բայց եթե նկատի ունենանք, թե որտեղ էինք մենք նախորդ ժամանակահատվածում, սա, անշուշտ, շատ նշանակալի առաջընթաց է։
Իհարկե, նշեմ նաև, որ նախագահ Էրդողանի կողմից ընտրություններում հաղթանակից հետո տեղի ունեցած երդման արարողությանը ինձ հրավիրելը ինչ-որ առումով նշանակալից իրադարձություն էր, և ես որոշեցի գնալ Անկարա։ Սա ոչ միայն հանդիսավոր միջոցառում էր և կարևոր ուղերձ, այլ նաև Թուրքիայի քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ շփվելու հնարավորություն։ Սա շատ կարևոր զարգացում էր երկկողմ հարաբերությունների առումով։ Տեսեք, ես մոտ 5-7 րոպե թվարկում եմ, թե ինչ է կատարվում մեր հարաբերություններում: Սա ցույց է տալիս, որ մենք գոնե թվարկելու բան ունենք։ Եթե ինձ հարցնեիք 7 տարի առաջ, ես հավանաբար շատ բան չէի ունենա թվարկելու: