Հետևեք մեզ։

Ալիևն ասում է՝ վստահությունը զրոյական է․ չի կարող կողմերի միջև զրոյական վստահության պայմաններում փոխադարձ պարտավորություններ սահմանվել․ Տիգրան Աբրահամյան

09:58, 14 մարտ 2025
Ալիևն ասում է՝ վստահությունը զրոյական է․ չի կարող կողմերի միջև զրոյական վստահության պայմաններում փոխադարձ պարտավորություններ սահմանվել․ Տիգրան Աբրահամյան
«Խաղաղության» բանակցությունների ավարտի ազդարարման վերաբերյալ Երևանից ու Բաքվից հնչող հայտարարությունների ֆոնին, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ վստահությունը մոտ է զրոյին:
 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

«Հիշեցնելով Փաշինյանի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչեցրած` «Արցախը Հայաստան է և վե´րջ» ձևակերպումը, Ալիևը նշել է, որ ՀՀ օրվա իշխանությունում այն մարդիկ չեն, որոնց կարելի է հավատալ:

 

Այն, որ Ադրբեջանից հաճախ է ներկայիս իշխանության նկատմամբ անհարգալից ու արհամարական արտահայտություններ հնչել, գիտեն բոլորը, սակայն երբ դա ասվում է բանակցված ու համաձայնեցված փաստաթղթի պայմաններում, խոսում է այն մասին, որ կողմերը դեռ հեռու են խաղաղությունից:
 
 
Չի կարող կողմերի միջև 0-ական վստահության պայմաններում փոխադարձ պարտավորություններ սահմանվել, հատկապես որ չկան միջնորդներ և տեսանելի չէ դրանց պատշաճ կատարման որևէ երաշխիք»,- գրել է նա։

Վերլուծական