Ռուսաստանը լուրջ շահեր ունի հարավկովկասյան տարածաշրջանում: Այս մասին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նախարարի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության վերջնական հաստատմանը։ Նա նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների դերը շատ նշանակալի է։ Այս համաձայնագրերը պետք է վճռորոշ նշանակություն ունենան առկա հարցերի վերաբերյալ լուծումներ գտնելու համար՝ ինչպես խաղաղության պայմանագրի, այնպես էլ ճանապարհների ապաշրջափակման, ինչպես նաև սահմանի սահմանազատման հետ կապված աշխատանքներում։
«Կարծում եմ, որ այս բոլոր ոլորտներում առաջընթացը առանցքային պայման է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար: Ռուսաստանը պատմական դեր է խաղացել այս տարածաշրջանում և ունի ամենալուրջ շահերը: Համոզված եմ, որ մեր դաշնակիցները դա հասկանում են»,- ասաց նախարարը:
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների այսօրվա եռակողմ հանդիպման գլխավոր թեման է։