Հայաստանն առաջարկում է շուտափույթ մեկնարկել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ` պայմանավորվելու համաձայնագրի տեղի, ժամանակի ու այլ մանրամասների շուրջ։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ ՀՀ բոլոր երկաթուղիները, ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են ՀՀ-ի ինքնիշխանության և օրենսդրության ներքո։
«Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ, այսպես կոչված, միջանցքի մասին, ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրում չկա։ Տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև ԽՍՀՄ փլուզումը 2 երկրներում բնակեցված և հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիներն ապրել են։ Ընդհանրապես, համաձայնագրի տեքստում միակողմանի որևէ կարգավորում չկա։ Չկա Սահմանադրությունների մասին կարգավորում»,- նշել է նա։
Միրզոյանը ընդգծել է, որ Համաձայնագիրը կախարդական փայտիկով երկու երկրներին ու ժողովուրդներին բարեկամներ չի դարձնելու, բայց լինելու են մեխանիզմներ, որոնցով հետագա զգայուն հարցերը կկարգավորվելու են։
«Համաձայնագրի կնքումից հետո կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով հակամարտությունը կմոտենա ավարտին, և կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չի լինի»,- ասել է ԱԳ նախարարը։
Ըստ նրա՝ հայկական կողմը ունի մտահոգությունները Ադրբեջանի սահմանադրության և որոշակի նկրտումների վերաբերյալ, սակայն կարծում է, որ համաձայնագրի տեքստում կան որոշակի դրույթներ, որոնք փարատում են դա։
Ինչ վերաբերում է հումանիտար հարցերին՝ Միրզոյանը նշել է․ «Հումանիտար հարցերը, առաջնահերթ` գերիների խնդիրները, դուրս են մնացել համաձայնագրի տեքստից, մենք շարունակում ենք քննարկել Ադրբեջանի և միջազգային գործընկերների հետ»։