Հետևեք մեզ։

Ինչպե՞ս է Հայաստան մտել ու երկրի ներսում «հայտնաբերվել» մեկ տոննա կոկաինը

13:51, 19 մայիս 2023
Ինչպե՞ս է Հայաստան մտել ու երկրի ներսում «հայտնաբերվել» մեկ տոննա կոկաինը

Հայաստան ներկրված բանանի արկղերում մոտ մեկ տոննա կոկաինի հայտանբերումը շարունակում է առեղծված մնալ, թե ո՞վ է այն ներկրել, ո՞ւմ թույլտվությամբ, ինչպե՞ս է Հայաստան հասել այդ քանակի ապօրինի բեռը, արդյոք այդ քանակի կոկաինի պատվիրատուն և շահառուն ՀՀ քաղաքացինե՞ր են, թե՞ այն պետք է որևէ այլ երկիր տեղափոխվեր, սակայն պլանները խախտվել են, և հայտնաբերվել է հենց Հայաստանում։

 Մայիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց այս թեմայով՝ նշելով․ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով  Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն Եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում»։

 

Ուշագրավ է, որ ԱԱԾ-ն դեռ մայիսի 13-ին է կոկաինի գործով քրեական վարույթ նախաձեռնել, բայց հաղորդագրություն տարածել է դրանից չորս օր անց՝ մայիսի 17-ին, ընդ որում՝ չի նշել ո՛չ ներմուծող ընկերության անվանումը, ո՛չ պահեստը, թե որտեղից են հայտնաբերել այդ կոկաինը, ո՛չ որևէ անձի անուն, որն առնչվում է այս գործի հետ, ոչ էլ տեսանյութ է հրապարակել, որն անում է սովորաբար, ի տարբերություն նույնականացնող տվյալներ հայտնելուն։

 

Հիշեցնենք, որ Hayastan.news-ը գրել էր, որ դեռևս մայիսի 11-12-ին ՊԵԿ մաքսյաին ծառայողները վարժեցված շներով ստուգումներ են իրականացնել ՊԵԿ մաքսային պահեստներում, և հնարավոր է՝ հենց այս թեմայով են որոշակի տեղեկություններ ունեցել, թեպետ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց, թե այդ ստուգումները դրա հետ կապ չեն ունեցել։ Նա նաև չհերքեց, որ բանանի արկղերով կոկաինը հայատնաբերվել է արդեն երկրի տարածքում, այսինքն՝ մաքսային հսկողության գոտին անցնելուց և Հայաստան մտնելուց հետո։ Ի դեպ, Բադասյանը ևս չասաց, թե որ ընկերությունն է ներկրել այդ բանանը։

 

Մինչդեռ, մամուլում արդեն «Մրգենի» ՍՊԸ-ի անունն է շրջանառվում, որը հիմնադրվել է 2018 թվականին և կապվում է ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի հետ։

 

Այս թեմայով Hayastan.news-ին որոշ ուշագրավ տեղեկություններ հայտնի դարձան, թե ինչպես է այս կոկայինը «հայտնաբերվել» ԱԱԾ-ի կողմից։ Ըստ աղբյուրի՝ կոկաինով ու բանանով բեռնված կոնտեյները մաքսային հսկողության գոտին անցել է «կանաչ ուղիով», որը  նշանակում է, որ տվյալ կոնտեյները խիստ հսկողության չի ենթարկվել մաքսավորների կողմից։ «Կանաչ ուղիով» անցնում են այն ընկերության կոնտեյներները, որոնք մաքսային ծառայությունների մոտ արդեն հասցրել են վստահություն առաջացնել՝ համարվելով բարեխիղճ ներկրող։ Դրա համար անարգել մտել է Հայաստան։ Բայց Հայաստանում մի քանի օր պահեստում մնալուց հետո բանան ներկրած ընկերության ղեկավարությունը մայիսի 12-ին ինքնակամ դիմել է ԱԱԾ-ին՝ հայտնելով, որ իրենց ներկրած բանանի հետ այլ ապրանք էլ է եկել, մասնավորապես՝ կոկաին։ Հավանաբար, կա՛մ հասկացել են, որ շուտով բացահայտվելու է և իրենք բռնվեն, կա՛մ իրենք իսկապես կոկաինի հետ կապ չեն ունեցել, և հայտնաբերելով իրենց ներկրած բանանի արկղերում օրենքով չթույլատրված ապրանք, մեկ քայլ առաջ են անցել՝ ինքնակամ այն հանձնելով իրավապահ մարմիններին։ ԱԱԾ-ն էլ մայիսի 12-ին գնացել ու «հայտնաբերել է» այն՝ մայիսի 13-ին քրեական վարույթ նախաձեռնելով և դրանից չորս օր անց միայն շատ սեղմ բովանդակությամբ հաղորդագրություն տարածելով։   

 

Hayastan.news-ը զանգահարեց «Մրգենի» ընկերություն՝ մեկնաբանություն խնդրելով ընկերության հիմնադիր և տնօրեն Լևոն Աթաջանյանից։ Վերջինս անդրադառնալով իրենց ընկերության անունը այս դեպքի հետ կապելու հարցին՝ ասաց հետևյալը․ «Ուրեմն, դրա հետ կապված շրջանառվող լուրերը, որը Դուք լսել եք, մենք էլ նույն ձև լսել ենք լրատվամիջոցներից, դրա համար ինչ-որ մեկնաբանություն չկա այս պահին, որ կարող եմ ես դրա մասով տալ։ Մեր ընկերությունը զբաղվում է բանանի ներկրումով, մենք վաճառում ենք բանան, ու այս պահին դրա հետ կապված ոչ մի մեկնաբանություն չկա, այսինքն՝ ինչ Դուք գիտեք, նույնն էլ մենք ենք լսել»։

 

Մեր մյուս հարցերին՝ իրենք այս օրերին ԱԱԾ-ի հետ որևէ առնչություն ունեցե՞լ են, իրենց հրավիրե՞լ են ԱԱԾ կամ ճի՞շտ է, որ իրենք են ինքնակամ հայտնել ԱԱԾ-ին, որ իրենց ներկրած բանանի մեջ կոկաին կա, Լևոն Աթաջանյանը կրկնեց նույնը, որ իրենք այդ մասին լսել են լուրերից։

 

Աթաջանյանը նշեց, որ իրենց ընկերությունն, այո, Էկվադորից է բանան ներկրում, և հաստատեց, որ իրենց ապրանքների մի մասը «կանաչ ուղիով» է անցնում, բայց այս դեպքից հետո սկսել են խստացնել ստուգումը։

 

«Որոշ մասը «կանաչ ուղիով» է անցնում, որոշ մասը զննում են, ու գիտեմ, որ միայն բանանը չէ, ամբողջ մրգերի վրա այդ զննությունը կատարվում է այդ լուրերից հետո»,-ասաց զրուցակիցը։

 

Հարցին՝ իրենց ընկերությունը կապ ունի՞ Միհրան Պողոսյանի հիմադրած «Քեթրին գրուպ» ընկերության հետ, հատկապես, որ հենց «Քեթրինի» տարածքում է տեղակայված իրենց գրասենյակը, Աթաջանյանն ասաց․ «Ոչ մի կապ չունի, վարձակալման տարածք է, որտեղ գտնվում են մի շարք կազմակերպություններ, այդ տարածքների մի մասն էլ մենք ենք վարձակալել ու այդ աշխատանքները տանում ենք»։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ