Հետևեք մեզ։

Այն իմ ԴՆԹ-ն է․ Դոնաթելա Վերսաչեն հեռանում է Versace-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնից

12:49, 14 մարտ 2025
Այն իմ ԴՆԹ-ն է․ Դոնաթելա Վերսաչեն հեռանում է Versace-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնից

Դարիո Վիտալեն դարձել է Versace-ի նոր ստեղծագործական տնօրենը՝ փոխարինելով Դոնաթելա Վերսաչեին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 1997 թվականից։ «Արմենպրես» փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Versace ընկերությունը սոցիալական ցանցերում։

 

Սա առանցքային շրջադարձ է բրենդի պատմության մեջ. իր գոյության 47 տարիների ընթացքում առաջին անգամ այս աշնանը պոդիումների վրա կհայտնվի Versace-ի հագուստը, որը չի ստեղծվել Վերսաչե ընտանիքի անդամներից որևէ մեկի ղեկավարությամբ:

 

Նորաձևության դիզայներն Instagram-ի իր էջում հաստատել է պաշտոնից հեռանալու մասին լուրը։

 

«Ես ուրախ եմ, որ Դարիո Վիտալեն կմիանա մեզ, և ոգևորված եմ տեսնել Versace-ն նոր հայացքով…. Կյանքիս ամենամեծ պատիվն էր շարունակել եղբորս՝ Ջաննիի ժառանգությունը։ Նա իսկական հանճար էր, բայց հուսով եմ, որ ես իմ ներսում որոշ չափով ունեմ նրա ոգին և համառությունը», - գրել է նա։

 

69-ամյա Դոնաթելա Վերսաչեն չի խզում ընտանեկան ապրանքանիշի հետ հարաբերությունները։ Նա կզբաղեցնի ապրանքանիշի գլխավոր դեսպանի պաշտոնը։

 

«Ապրանքանիշի գլխավոր դեսպանի իմ նոր պաշտոնում ես կմնամ Versace-ի ամենաջերմեռանդ աջակիցը: Վերսաչեն իմ ԴՆԹ-ում է և ընդմիշտ իմ սրտում», - հավելել է նա։

 

Վերլուծական