Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո միջազգային ատյաններում փոխադարձաբար բարձրացված հայցերը հետ կկանչվեն։ Այս մասին Report-ին տված հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
«Պատերազմից հետո Ադրբեջանը միջազգային ատյաններում միջպետական հայցեր է ներկայացրել Հայաստանի դեմ։ Մեր գործունեությունը տարբեր ուղղություններով ներկայումս շարունակվում է, և այդ պահանջները տարբեր փուլերում են․ դատավարություններ են ընթանում ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանում և Միջազգային արբիտրաժային դատարանում:
Վերջին երկու տարիների ընթացքում աշխատանք է տարվել երկու պետությունների միջև միջպետական հարաբերությունների կարգավորման համաձայնագրի շուրջ բանակցությունների ուղղությամբ։
Ինչ վերաբերում է պահանջներին, ապա, իրոք, համաձայնագրի վերջին երկու հոդվածներից մեկում կողմերը պարտավորվել են հետ վերցնել միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացրած հայցերը, եթե կնքվի խաղաղության պայմանագիր։ Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է։ Սպասում ենք, թե հաջորդ փուլում ինչ քայլեր կձեռնարկեն։ Ներկայումս ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ»,- ասել է նա։