Զոհված զինծառայողների ծնողներին պետք է շատ զգույշ վերաբերվել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր և Աշոտ Փաշինյանի միջև տեղի ունեցածին:
Խաչատրյանը նշեց՝ որևէ երեխա չպետք է պատասխանատվության ենթարկվի իր ծնողների արարքների համար:
«Զավակներից չի կարելի պատասխանատվություն պահանջել ծնողների արարքների համար, դա վտանգավոր տեղ կտանի, ով ուզում ես եղիր։ Եթե մեկը երեխային ասում է՝ գնանք, ցույց տամ՝ ծնողդ ինչ է արել, պետք է ասել՝ դու էլ երեխա ունես: Ցանկացած քաղաքացի իրավունք ունի դժգոհություն հայտնել իշխանությունների գործողություններից, բայց հաշվեհարդարի կոչերը հասարակությանը կարող են ուրիշ տեղ տանել»,- ասաց Խաչատրյանը:
Ըստ նրա՝ սա քաղաքական պայքարի այլասերված դրսևորման հետևանք է:
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողի ծնողը ձերբակալվել է «Աշոտ Փաշինյանին առերևույթ առևանգելու» համար: Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: