Հետևեք մեզ։

Հութիները ստանձնել են Կարմիր ծովում ամերիկյան ավիակրի վրա հարձակման պատասխանատվությունը

21:47, 17 մարտ 2025
Հութիները ստանձնել են Կարմիր ծովում ամերիկյան ավիակրի վրա հարձակման պատասխանատվությունը

Եմենի հութիները հայտարարել են, որ իրենց զինյալներն են օդային հարձակում իրականացրել Կարմիր ծովում գտնվող ամերիկյան ռազմանավերի խմբի վրա: Մարտի 16-ին հարձակման են ենթարկվել ամերիկյան USS Harry S. Truman ավիակիրն ու նրան ուղեկցող ռազմանավերը, գրում է AFP գործակալությունը: Հութիներն օգտագործել են 18 հրթիռ և մեկ անօդաչու թռչող սարք: Reuters-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ ամերիկյան ինքնաթիռները 11 անօդաչու թռչող սարք են խոցել։ Հութիների արձակած հրթիռը պայթել է օդում և ընկել Եմենի տարածքային ջրերում։

Հունվարի 19-ից, երբ Գազայի հատվածում սկսեց գործել ՀԱՄԱՍ-ի ու Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի ռեժիմը, հութիները ռազմական գործողություններ չէին իրականացնում տարածաշրջանում: Սակայն մարտի 11-ին նրանք սպառնացել են նոր հարձակումներով իսրայելական նավերի վրա, քանի որ Իսրայելը արգելել է մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված:

Ամերիկյան ռազմանավերի վրա հարձակումներով հութիները պատասխանել են խմբավորման դիրքերի գնդակոծմանը, որը Միացյալ Նահանգները սկսել էր մարտի 16-ի գիշերը։ Հութիների վերահսկողության տակ գտնվող առողջապահության նախարարությունը հայտնել է 53 զոհի մասին, այդ թվում՝ 5 կին և 2 երեխա, ևս 98-ը վիրավորվել են։ Սպիտակ տունը պնդում է, որ հարձակումների ժամանակ սպանվել են խմբավորման մի շարք բարձրաստիճան անդամներ։

Հութիներն ԱՄՆ-ին սպառնացել են ոչ միայն պատասխան հարվածներով ռազմանավերին, այլև հարձակումներով Կարմիր ծովով և Ադենի ծոցով անցնող ամերիկյան առևտրային նավերի վրա: Թրամփն էլ իր հերթին խոստացել է «ճնշող մահաբեր ուժ կիրառել», քանի դեռ ԱՄՆ-ն չի հասել իր նպատակին:

Վերլուծական