Լրատվամիջոցներում Գյումրիի նախընտրական քարոզարշավում բանակի և բարձրաստիճան սպաների ներգրավվածության վերաբերյալ հրապարակումներ են զետեղվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Նա նշել է, որ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց գործառույթների իրականացման շրջանակում զորամիավորումներում, տարբեր կայազորներում պարբերաբար հանդիպում-քննարկումներ են անցկացնում հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումները քաղաքական ուղղվածություն, ենթատեքստ չունեն և բացառապես բանակային օրակարգի շրջանակում են:
Խոսնակը հորդորում է զերծ մնալ բանակի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց: