Հետևեք մեզ։

Քաղաքացու և բիզնեսի վրա ֆինանսական ճնշումն ահագնանում է. Միքայել Մելքումյան

10:21, 18 մարտ 2025
Քաղաքացու և բիզնեսի վրա ֆինանսական ճնշումն ահագնանում է. Միքայել Մելքումյան
 «Նոր Պրոյեկտ.Տնտեսական Ալիք» նախաձեռնությունը ներկայացնում է Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանի հոդվածը․
 
 
«Քաղաքացու և բիզնեսի վրա ֆինանսական ճնշումն ահագնանում է
 
Քաղաքականությունը և քաղաքական գործընթացները անխուսափելի են ցանկացած երկրում, սակայն տվյալ պետության հզորությունը պայմանավորված է առավելապես տնտեսական քաղաքականությամբ և տնտեսական
գործընթացներով։
 
Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող վերջին ամիսների պաշտոնական ցուցանիշները ցույց են տալիս, որ վիճակը վատթարանում է։
 
Մասնավորապես, տնտեսական աճի տեմպը դանդաղում է, արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է մի քանի տասնյակ տոկոսով, բացակայում են մեծածավալ ներդրումները, տնտեսության իրական հատվածի, այսինքն արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության տեսակարար կշիռը
համախառն ներքին արդյունքի կառուցվածքում նվազել է այնքան, որքան չի եղել նորանկախ Հայաստանի տնտեսական կենսագրության օրոք։
 
Եվ այս պայմաններում փոխանակ ակտիվ իրականացվի տնտեսական ազատությունների և ներդրումների համատարած խթանման քաղաքականություն, կտրուկ մեծանում է ֆինանսական և հարկային ճնշումը բիզնեսի և քաղաքացիների ուսերին։
 
Շրջանառության հարկին, գույքահարկին, աղբահանության վճարներին, եկամտային հարկի հայտարարագրմանը ավելանում է ևս մեկ ճնշման միջոց։ Խոսքը վերաբերվում է «Վարչական դատավարության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթներում այնպիսի մի փոփոխության, համաձայն որի, ասուհետ եթե որևէ բիզնեսի կամ քաղաքացու նկատմամբ կիրառվել է վարչական ակտ, ասենք նրանց
տուգանելով, օրինակ 100 հազար, 1 մլն, կամ 100 մլն  դրամ և ավելի գումար, ապա, իհարկե, դուք կարող եք այն վիճարկել վարչական դատարանում, սակայն մինչ այդ, պարտադիր տույժը կամ տուգանքը պետք է վճարվի։
 
Հետագա տարիներին, կախված դատարանի վճռից, այդ գումարը ետ կստանան կամ ոչ։
 
Հետաքրքիր է, որքա՞ն են կազմում այդ տիպի գումարները ամբողջական և տարեկան։ Կարծում եմ՝ միլիարդավոր դրամներ։
 
Եվ երբ դրանք դուրս են մղվում տնտեսական շրջանառությունից, պետությունը և հասարակությունը շահու՞մ են, թե՞ տուժում։
 
Եթե կա պետական բյուջեն ամեն գնով և ուժով լցնելու մտադրություն, թող ասեն, եթե ոչ, ապա մեր ժողովուրդը կշարունակի ուղղակի աղքատանալ։
 
Իսկապես,այս ամենը անհասկանալի է։
 
Եվ վերջում, 750 մլն դոլար կազմող եվրապարտատոմսերի 7.1 գերբարձր տոկոսով տեղաբաշխումն իսկապես խոսում է ֆինանսական գերպակասորդի մասին»։
 
 
 
 
 
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները