Հետևեք մեզ։

Մանրամասներ՝ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսի և Հալեպի նահանգապետի հանդիպման վերաբերյալ

14:03, 18 մարտ 2025
Մանրամասներ՝ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսի և Հալեպի նահանգապետի հանդիպման վերաբերյալ

Մարտի 17-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Ա. Ավետիսյանը հանդիպում է ունեցել Հալեպի նահանգապետ Ազզամ ալ-Ղարիբի հետ: Հանդիպմանը ներկա էին նահանգապետի տեղակալ Ֆաուազ Հիլալը, խորհրդական Ղասսան Ֆարրուհը, քաղաքական հարցերի վարչության տնօրեն Սաադ Նասսանը, հասարակայնության հետ կապերի վարչության պետ Յասեր Մաուլոյը, քաղաքական հարաբերությունների վարչության հյուպատոսական բաժնի պետ Ահմադ Բադաուին: 


Հանդիպման սկզբում Գլխավոր հյուպատոսը շնորհավորել է ալ-Ղարիբին Հալեպի նահանգապետի կարևոր պաշտոնում նշանակվելու, ինչպես նաև Ռամադան ամսվա կապակցությամբ: Ճանաչողական զրույցից հետո նահանգապետ ալ-Ղարիբը շնորհակալություն է հայտնել և հետաքրքրվել Սիրիայում, մասնավորապես Հալեպում և Հայաստանում ապրող սիրիահայերի քանակով, հավելելով, որ Սիրիայի ժողովուրդը միշտ էլ ջերմությամբ և եղբայրաբար է ընդունել հայերին և այդ վերաբերմունքը շարունակվելու է նաև ապագայում:

 

Նա հույս է հայտնել, որ դրամատիկ իրադարձությունների պատճառով Սիրիայից դուրս եկած սիրիահայերը կվերադառնան իրենց տները: ՀՀ գլխավոր հյուպատոս Ա. Ավետիսյանը պատասխանելով նահանգապետի հարցերին՝ ևս անդրադարձել է հայ-արաբական ավանդական կապերին և վստահություն հայտնել, որ այդ օրինակելի հարաբերություններն ունեն ամրապնդվելու բոլոր հնարավորությունները և լավ հենք են առավել զարգացնելու Հայաստան-Սիրիա միջպետական հարաբերությունները, որոնք ավանդաբար բարեկամական և ջերմ են եղել: Ա. Ավետիսյանը ներկայացրել է մինչ 2011թ. երկու երկրների միջև ակտիվ փոխգործակցությունը կրթության, մշակույթի, գյուղատնտեսության և գիտության ոլորտներում, որի հետագա զարգացմանը խանգարեց Սիրիայում քաղաքացիական պատերազմը:

 

Գլխավոր հյուպատոսն անդրադարձել է նաև հատուկ Սիրիայի մասնագետների համար Մատենադարան-ինստիտուտում, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում մի քանի մասնագիտական դասընթացների անցկացմանը, հավելելով, որ սիրիական կողմի ցանկության դեպքում հայկական կողմը պատրաստակամ է և կդիտարկի նման միջոցառումների կազմակերպումը:

 

Ա. Ավետիսյանն անդրադարձել է նաև Սիրիայում, մասնավորապես Հալեպի նահանգում 5 տարի գործող Հայաստանի մարդասիրական առաքելության իրականացրած հսկայածավալ և կարևոր գործունեությանը: Նա նշել է նաև, որ Հայաստանում բարին երբեք չի մոռացվում և 2023թ. փետրվարի 23-ին Սիրիայում տեղի ունեցած ահավոր աղետի՝ երկրաշարժի ժամանակ ՀՀ իր մասնակցությունն է բերել՝ Սիրիա ուղարկելով մասնագիտացված փրկարարական ջոկատ և մարդասիրական օգնություն:

 

Գլխավոր հյուպատոսը նահանգապետին է ներկայացրել վերջերս կայացած ՀՀ ԱԳ փոխնախարար Վ. Կոստանյանի այցը Դամասկոս և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: 
Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում և կողմերն երկուստեք գոհունակություն են հայտնել արդյունքներով, պայմանավորվելով, որ հանդիպումները կդառնան շարունակական:

Վերլուծական

Ամենաընթերցվածները