Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, մեկնաբանելով Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը, հայտարարել է, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում։
«Սխալ է խոսել նախագահի թեկնածության մասին, քանի դեռ Էքրեմի հետ ինչ-որ բան է կատարվում։ Այս պահին ես ամբողջովին փակել եմ թեկնածության թեման։ Առաջնայինը Էքրեմին արդարացնելն է։ Այս վիճակից օգտվելն ու անիմաստ քայլեր անելն անբարոյականություն են։ Ես նույնիսկ չեմ քննարկի թեկնածության հարցը, եթե պայմանները հավասար չլինեն»,- ասել է Յավաշը։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Օզգյուր Օզելն էլ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումն ու դրան ուղեկցող իշխանությունների գործողությունները համարել է «հեղաշրջման փորձ Թուրքիայում»: Օզելի կարծիքով՝ դա ձեռնարկվել է, քանի որ նախագահական մրցավազքում Ստամբուլի քաղաքապետի հաղթելու հնարավորությունները չափազանց մեծ են։