Հետևեք մեզ։

Կառավարական մակարդակով բաժնեմասի տեր դառնալուց հետո՝ ԶՊՄԿ-ն խոշոր գումար է փոխանցում Աննա Հակոբյանի հիմնադրամին. «Ժողովուրդ»

09:00, 20 մարտ 2025
Կառավարական մակարդակով բաժնեմասի տեր դառնալուց հետո՝ ԶՊՄԿ-ն խոշոր գումար է փոխանցում Աննա Հակոբյանի հիմնադրամին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» կառավարական մակարդակով բաժնեմասի տեր դառնալուց հետո՝ կոմբինատը առատ նվիրատվություններ է արել Աննա Հակոբյանի հիմնադրամին:

 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հունվարի 5-ին հայտարարեց, որ ՀՀ Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի` ՀՀ սեփականություն հանդիսացող 15 % բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը: Հայտարարեց նաև, որ առաջին անգամ է՝ պետությունը բաժնեմաս ունի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում»:

 

Իհարկե, հետո միլիարդներ մսխվեցին ԱՆԻֆ-ում, բայց դա չէր խանգարել, որ ԶՊՄԿ-ն 2 տարի անընդմեջ նվիրատվություններ անի վարչապետի տիկնոջ հիմնադրամին:

 

Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2023 և 2024 թվականներին ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի անունից առաջին անգամ՝ 20 մլն դրամ, իսկ 2-րդ անգամ 50 մլն դրամ է փոխանցվել «Իմ քայլը» հիմնադրամին, որի գործադիր տնօրենը Աննա Հակոբյանն է՝ վարչապետի տիկինը:

 

«Ժողովուրդ» օրաթերթը նույն պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ այս գումարով ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը քվանտային ֆիզիկայի բնագավառում համատեղ կրթական ծրագիր է իրականացնում «Իմ քայլը» հիմնադրամի հետ՝ Quanta-ն։

 

Հարկ է նշել, որ «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների ցանկում նշվածից հասկանում ենք, որ միայն ԶՊՄԿ հիմնադրամի հետ է իրականացվել կրթական ծրագիր։

 

Այսպիսով, ինչպես հաճախ է հնչում հանրային միջավայրում, նախկիններին մեղադրելով թալանի, բիզնեսներին փայ մտնելու համար՝ Փաշինյանի իշխանությունը հեշտ միջոց գտավ փայ մտնելու գործընթացը շղարշելու հարցում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Վերլուծական