«Հրապարակ» օրաթրեը գրում է․
«Մարտի 30-ին Գյումրիում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, որի արդյունքում Գյումրիում իշխանություն կձեւավորվի։ Մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 373 ավագանու թեկնածուներով։ Մի քանի օր է արդեն՝ քարոզարշավը սկսվել է։ Զրուցել ենք ՔՊ թեկնածու, քաղաքապետի ԺՊ Սարիկ Մինասյանի հետ։
- Ձեր ո՞ր առավելության կամ արժանիքի համար պիտի գյումրեցին ընտրի Ձեզ։
- Գյումրեցին պետք է գնահատի իմ անցած ճանապարհը, աշխատանքային փորձը, նվիրումով քաղաքի համար աշխատելը, համաքաղաքացիներին մատուցած ծառայությունների, մարդկային որակների համար, եւ այդպես շարունակ։ Այդ հարցը մեր քաղաքացիներին տվեք, ովքեր տարբեր խնդիրներով առնչվել են ինձ հետ։ Մեր հանդիպումների, քարոզարշավի համար հաճախ հանդիպում եմ նրանց հետ, եւ իմ կյանքի մեծ ձեռքբերումն այն է, երբ այդ մարդիկ ինձ ասում են՝ Սարիկ ջան, այս հարցով եկել ենք` օգնել ես։
- Թեկնածուների մասին հարցումներ ենք արել, եւ հարցվածների մեծ մասն այդպես արտահայտվում էր նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին։ Ասում էին, որ իր կառավարման տարիներին շատերին է օգնել, աջակցել: Ձեր մասին այդպես չէին խոսում։ Հնարավո՞ր է պատճառն այն է, որ ՔՊ-ն եք ներկայացնում։
- Չեմ կարծում, հնարավոր է, որ Դուք այնպիսի մարդկանց եք հանդիպել, ովքեր իրենց կյանքի ընթացքում առիթ են ունեցել հանդիպել Վարդան Ղուկասյանի հետ, եւ իրենց հարցերին լուծում է տվել, սա նորմալ է։
- Թեկնածուներից ո՞ւմ եք Ձեզ մրցակից համարում։
- Բոլորն էլ մրցակից են, բայց ինձ թվում է՝ Վարդան Ղուկասյանն է, այդպիսի տպավորություն ունեմ։ Քաղաքացիներն իրենց գնահատականը կտան մարտի 30-ին։
- Դուք նշեցիք, որ հետագիծ ունեք, հենց դրա համար էլ պիտի Ձեզ ընտրեն։ Քանի՞ քաղաքական կուսակցության անդամ կամ համակիր եք եղել։ Ինչպե՞ս եք ՀՀԿ-ական դարձել։
- Ես չեմ դարձել, էդ հարցով դիմել ենք դատարան, մեր համաքաղաքացիները գիտեն, որ բոլորին զոռով, առանց իրենց տեղեկության, ստիպելով՝ անդամագրել են կուսակցություններին։ Սերժ Սարգսյանի օրոք պարոն Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից վիրակապված բերել էին թատրոնի շենքի դիմաց ու ստիպում էին, որպեսզի գովերգեր ՀՀԿ կուսակցությանը։ Տեսանյութը կա, թե ոնց են էդ մարդուն` անկախ իր կամքից բերել ու ասում, որ ՀՀԿ գովա։ Ստիպել են մարդկանց դառնալ ՀՀԿ-ական:
- Դուք չե՞ք իմացել, որ դառնում եք ՀՀԿ անդամ։
- Ինչպես շատ գյումրեցիների դեպքում, հնարավոր է նաեւ իմ դեպքում է այդպես եղել։ Կպարզենք, իրավական դաշտում էլ ամեն ինչ կարվի։
- Իսկ Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստանի» անդամ ինչպե՞ս եք դարձել։
- Այդ խմբակցության անդամները բոլորն իմ ընկերներն են, ես իրենց շատ սիրում եմ, հարգում եմ։
- Էդմոն Մարուքյանը հիմա Փաշինյանին ընդդիմություն է։
- Վաղը երբ ես դառնամ Գյումրու քաղաքապետ, իմ շատ մոտ ընկերը կարող է ինձ քննադատել, ես շատ նորմալ եմ վերաբերվում։ Էդմոն Մարուքյանը բավականին կայացած քաղաքական գործիչ է։ Ես չեմ քննադատել իրեն անգամ այն ժամանակ, երբ ընդունել է վարչապետի կողմից առաջարկը եւ դարձել հատուկ հանձնարարություններով դեսպան։
- ՔՊ-ն ունի՞ այնքան վարկանիշ, որքան 2018-ին, Նիկոլ Փաշինյանի մոտեցումներն Ադրբեջանի հետ հարաբերություններում, Ալիեւի պահանջով Սահմանադրություն փոխելը, ժողովրդի թիկունքում «խաղաղության պայմանագիր» կնքելը, ըստ Ձեզ, չի՞ ազդելու Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի վարկանիշի վրա։
- Գյումրու ընտրությունները դարձնել արտաքին հարաբերությունների կարգավորման հարց, համաշխարհային աշխարհաքաղաքական վերադասավորումների հարց, լրատվականներն իմ նկարը հրապարակել են Թրամփի, Պուտինի եւ այլնի հետ։ Ժողովուրդ ջան, սա Գյումրու ընտրություններ են, մեր հարաբերությունները ձեր նշած պետության հետ եթե կարգավորելու հնարավորություն կա, բնականաբար, պետք է կարգավորվեն, ինչպես՝ իմ որոշելու հարցը չէ։
- Դուք պատասխանատվություն կրելո՞ւ եք Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշումների, այդ որոշումների հետեւանքների համար։ Ասում եք՝ Գյումրին ի՞նչ կապ ունի արտաքին քաղաքականության հետ։
- Երբ ես դեմ լինեմ, կհայտարարեմ, իմ կարծիքը կհայտնեմ, քանի ես չեմ ընդդիմացել, ուրեմն մինչեւ հիմա համերաշխ եմ։ Եթե ես դեմ եմ Ադրբեջանի, մնացածի հետ հարաբերություններին, ուրեմն ես պիտի ունենամ այլ առաջարկ։
- Պարոն Մինասյան, ծանո՞թ եք «խաղաղության պայմանագրի» տեքստին։
- Ոչ, ես ծանոթ չեմ, Դուք էլ ծանոթ չեք։ Կարծում եմ, որ պայմանագրի տեքստը դեռ հրապարակված չէ, եւ շուտ է այդ մասին խոսելը։ Երբ կհրապարակվի, կլինեն դրույթներ, որոնց հետ անհամաձայն կլինի ՀՀ քաղաքացիների գերակշռող մասը՝ չի ընդունվի, դա բնական է։ Մի բան, որը դեռ հրապարակված չէ, անունը խաղաղություն է, եւ ասում են՝ դեմ ենք, ուրեմն պիտի այլընտրանք առաջարկեն։
- Ոչ ոք չի ասում՝ խաղաղությանը դեմ ենք։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ինքը ժողովրդի թիկունքում ոչինչ չի անում, «խաղաղության պայմանագրի» տեքստին էլ քաղաքացիները ծանոթ են։ Ինչպե՞ս է, որ Դուք ծանոթ չեք։
- Ես պաշտոնապես հրապարակված որեւէ փաստաթղթի ծանոթ չեմ։ Դուք ծանո՞թ եք։
- Ոչ, դրա համար են ասում՝ ժողովրդի թիկունքում գործարքների է գնում Բաքվի հետ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության ռեյտինգը, նրա նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը չի՞ անդրադառնալու Ձեր ռեյտինգի վրա․ այս հարցը երկրորդ անգամ եմ տալիս։
- Նիկոլ Փաշինյանը՝ բազմաթիվ անկախ սոցիոլոգիական հարցումներով, ամենաառաջատար քաղաքական գործիչն է ՀՀ-ում։
- Որքա՞ն է նրա ցուցանիշը։
- Կապ չունի, մանրամասն չեմ կարող ասել։
- Բա ինչպե՞ս եք ասում՝ առաջատարն է։
- Երբ զբաղված չէի Գյումրու խնդիրներով, հետեւում էի, թեկուզ 30 տոկոս, բայց ամենաբարձրն է։
- «Գելափի» վերջին հարցումներով՝ 14 տոկոս է, ի՞նչ 30 տոկոս, տեղյակ չեք։
- Ներկա պահին՝ այո, ծանոթ չեմ եւ քանի որ ծանոթ չեմ, առանց փաստերի չեմ կարող խոսել, բայց ինքն առաջատարն է»։