ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանը կունենա պաշտպանության հարցերով կցորդ: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
«Պաշտպանության հարցերով կցորդը կիրականացնի միջազգային կազմակերպության հետ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ»,- նշված է որոշման հիմնավորման մեջ:
Նշվում է, որ ՄԱԿ-ում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդը կոչված է իրականացնել ՄԱԿ Քարտուղարության խաղաղության գործողությունների վարչության հետ համագործակցության խորացումը, որը կարող է նպաստել ՀՀ խաղաղապահ զինված ուժերի կարողությունների բարձրացմանը և ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցության խորացմանը:
ՀՀ պաշտպանության հարցերով կցորդը հնարավորություն կունենա ներկայացնել Հայաստանի ռազմական, ռազմաքաղաքական առաջնահերթությունները և միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համատեքստում մոտեցումները: