Մարտի 20-ին Բրազիլիա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով Ռիո Բրանկոյի դիվանագիտական ինստիտուտում։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, իր խոսքում նախարար Միրզոյանն անդրադարձել է հայ-բրազիլական երկկողմ հարաբերություններին, երկու ժողովուրդներին կապող մշակութային կապերին, համագործակցության մեծ ներուժին, նախօրեին Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով նախանշված ուղղություններին, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին։
Նախարար Միրզոյանը մասնավորապես նշել է․ «Հայաստանի ռազմավարական կապը Հարավային Ամերիկայի հետ, որտեղ Բրազիլիան հանդիսանում է մեր հիմնական գործընկերներից մեկը, մեր արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ է։
Այս 34 տարիների ընթացքում մեր հարաբերությունները զարգացել են՝ վերածվելով քաղաքական երկխոսության, մշակութային փոխանակման և համագործակցության հարուստ խճանկարի։
Մեր գործընկերության հիմքում ընկած են ընդհանուր ժողովրդավարական արժեքները: Հայաստանը և Բրազիլիան, ունենալով ամուր քաղաքացիական հասարակություններ, պաշտպանում են ազատությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը՝ սկզբունքներ, որոնք փորձության են ենթարկվել և վերահաստատվել մեր երկրների անցած ճանապարհին»։