Հետևեք մեզ։

Դատախազությունից հետո ՔԿ-ում աշխատանքի անցած Արսեն Սիմոնյանը, ով իր դիմումով ազատվել էր պաշտոնից, աշխատանքի է անցել Արդարադատության նախարարությունում

10:58, 22 մարտ 2025
Դատախազությունից հետո ՔԿ-ում աշխատանքի անցած Արսեն Սիմոնյանը, ով իր դիմումով ազատվել էր պաշտոնից, աշխատանքի է անցել Արդարադատության նախարարությունում


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝  դատախազության երկարամյա աշխատակից, 2 տարի առաջ Քննչական կոմիտեում բարձր պաշտոնի նշանակված Արսեն Սիմոնյանը նոր պաշտոնի է նշանակվել: Նա դարձել է արդարադատության նախարարության վերահսկողության վարչության պետ։ Համակարգում կարծում են, որ սա շատ լուրջ պաշտոն է, նրա վերահսկողության տակ են լինելու նոտարական գրասենյակները, Քրեակատարողական ծառայությունն ու Պետական ռեգիստրը։ 

 

Համակարգում Արսեն Սիմոնյանին բնութագրում են որպես բավականին պարկեշտ, բանիմաց անձնավորություն, պրոֆեսիոնալ իրավաբան: 44-ամյա իրավաբանն աշխատանքային կենսագրությունը սկսել է դատախազության համակարգից եւ ընդհուպ մինչեւ 2022թ. հոկտեմբեր եղել է դատախազության աշխատակից:

 

Սիմոնյանը եղել է Կոտայքի, Արմավիրի մարզերի, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ, 2019-2022թթ. ՀՀ գլխավոր դատախազության՝ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետն էր: Ըստ լուրերի, նրա առաջ դատախազության դռները 2022-ին փակել է Աննա Վարդապետյանը, որից հետո՝ նույն թվականին, Քննչական կոմիտեի դռները նրա առաջ բացել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ նշանակելով իրեն խորհրդական։ 2023-ին քննչականում նա պաշտոնի բարձրացում ունեցավ՝ Քյարամյանի հրամանով նշանակվելով Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ։ Սիմոնյանը, ըստ լուրերի, Քյարամյանի «սիրելի» աշխատակիցներից էր։

 

2024 թվականի նոյեմբերին՝ ՔԿ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հեռանալուց օրեր անց, Սիմոնյանը եւս ազատման դիմում է գրել։ Պատմում են, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որը դեռեւս դատախազությունում աշխատելու տարիներից ճանաչել է Սիմոնյանին, որոշել է նրան հրավիրել` որպես բանիմաց մասնագետի, եւ նշանակել է վերահսկողության վարչության պետ։
Արսեն Սիմոնյանը, ի դեպ, Վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր, իր կարճատեւ գործունեության ընթացքում բավականին աղմկահարույց դատավճիռներով աչքի ընկած Տիգրան Սիմոնյանի եղբայրն է: Նույն այն Տիգրան Սիմոնյանի, որը մի անգամ 2018թ. մայիսին էր նշանակվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, հետո աշխատանքից ազատվել էր՝ խոր հիասթափություն ապրելով իր աշխատանքից, ապա կրկին ոգեւորվել ու վերադարձել էր վերաքննիչ` 2-րդ շնչառությունը ստանալով Գագիկ Ջհանգիրյանի՝ Բարձրագույն դատական խորհուրդ գալուց:

 


Տիգրան Սիմոնյանը նաեւ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, ադրբեջանական գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանին կալանք սահմանող դատավորն է։ 
 

Վերլուծական