ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը փետրվարի 11-ից սկսել էր Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քննարկումները։ Նախագիծը ներկայացրել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ սահմանված ժամկետում հավաքելով ԱԺ-ին օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունները։ Նախաձեռնությանը հաջողվել էր հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն։ Հունվարի 9-ին օրինագիծը քննարկվել և հավանության էր արժանացել ՀՀ կառավարության նիստում, որից հետո ուղարկվել էր խորհրդարանի քննարկմանը։
Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունել էր «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը հետաձգվել էր։