Հետևեք մեզ։

ՔՊ-ի և Փաշինյանի կեղտերը ջրի երես չհանելու համար ճնշում են գործադրում Աղազարյանի վրա. «Հրապարակ»

09:55, 25 մարտ 2025
ՔՊ-ի և Փաշինյանի կեղտերը ջրի երես չհանելու համար ճնշում են գործադրում Աղազարյանի վրա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մինչ խորհրդարանը մարտի 26-ին կքննի ՔՊ-ից վտարված Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու մասին դատախազի միջնորդությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն շտապել է որոշում ընդունել՝ թերևս փորձելով ճնշում գործադրել Աղազարյանի վրա, որ նիստում նա ավել-պակաս չխոսի, ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի կեղտերը ջրի երես չհանի:

 

Ինչպես ասում են` այս գլխից որոշել են նրա «պոչը վերցնել են իրենց ոտքի տակ»։ Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել և Աղազարյանին կաշառք տալու գործով մեղադրյալ Աշոտիկ Կամավոսյանի մասով նախաքննության ավարտի մասին է հայտարարել ու գործն ուղարկել է դատարան։ Աղազարյանի գործողությունների մասով նախաքննությունը շարունակվում է, բայց Աշոտիկից կորզված ցուցմունքով, որը դեռ պետք է հիմնավորվի, արդեն քննությունը փորձում են տանել այն ուղղությամբ, որ պատգամավորին կաշառք առաջարկվել է, ինքն էլ լռել է, ինչը ևս հանցագործություն է։

 

Տեղեկություններ կան, որ մեղադրյալը ցուցմունք է տվել, թե իբր Աղազարյանը 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ միջնորդի՝ առանց խոչընդոտների Հայաստանից մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։ Աղազարյանի դեմ դատախազի միջնորդության հիմքում հիշյալ գործից զատ այլ վարույթ էլ կա, համաձայն որի՝ քաղաքացի Արամ Մկրտչյանը ցուցմունք է տվել, թե իբր Հովիկ Աղազարյանն իրեն խաբել է, վերցրել է 23 հազար դոլար գումար` շենքի կառուցման շինթույլտվություն տալու հարցը լուծելու համար, սակայն գործընթացը ձգձգել է, իսկ այն անձինք, ովքեր այդ գումարը տվել են Արամին, պահանջել են վերադարձնել: Մենք գրել ենք, որ Արամ Մկրտչյանն Աղազարյանի սանիկն է, ժամանակին Նիկոլ Փաշինյանի խցակիցն է եղել, խարդախության համար մի քանի անգամ դատապարտվել է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Վերլուծական