Հետևեք մեզ։

Մերն ասում էր՝ զինվորները փախչում էին՝ Աշոտն է կանգնեցրել, բա էդ «ռեմբոն» ո՞նց վախեցավ 44 տարեկան կնոջից․ զոհված զինծառայողի հայր

19:41, 20 մայիս 2023
Մերն ասում էր՝ զինվորները փախչում էին՝ Աշոտն է կանգնեցրել, բա էդ «ռեմբոն» ո՞նց վախեցավ 44 տարեկան կնոջից․ զոհված զինծառայողի հայր

Մեզ ամեն ինչ վերագրում են, ասում են, բայց մեզ ոչինչ պետք չէ, մենք մեր սրբությունը՝ մեր տղաներին ենք կորցրել, բայց չէինք ուզում կորցնել այն հայրենիքը, որի համար մեր տղաներն արյուն են թափել։ Այս մասին  Հրապարակում ՝ ի պաշտպանություն Գայանե Հակոբյանի  ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայողի հայր Վահիդ Սահակյանը։

 

Անդրադառնալով Աշոտ Փաշինյանին առնչվող միջադեպին, նա պատմեց․ «Գայանեն շատ քաղաքավարի մոտեցավ Աշոտին, անգամ տղամարդավարի բառը շեշտեց, նա էլ նստեց Գայանեի մեքենան, ու մեքենան գնաց։ Մենք էլ չգիտեինք, թե ուր է վարում Գայանեն, բայց Գարիկին ասացի՝ ուր պիտի գնա, Եռաբլուր պիտի գնա, որովհետև մեր տունն այնտեղ է։ Ու այդպես, մենք դանդաղ մեքենայի հետևից  գնում էինք։ Ու այդ խուլիգանը ցուցմունք տալու ժամանակ հարցրել  են, ուրի՞շ տեղ մեքենան չի կանգնել, որ դու քեզ չգցեիր, ասել է՝ չէ։ Երեք «սվետաֆորի» տակով մեքենան անցել է, նա խաբում է, խաբում է։ Այդ ամբողջ փողոցը խցանում էր։ Հասնում ենք «Սիթի»-ի մոտ, սա հանկարծակի մեքենայից փախչում է։ Մինչև իջանք մենք, ինքը գնացել էր, նույնիսկ տաքսու վարորդներն ասում էին՝ ինչ է, ձեր «մեշոկը» գողացա՞վ՝ գնաց։ Չէին էլ ճանաչել»,-ասաց Սահակյանը։

 

Նա պատմեց, որ գնացել են Եռաբլուր, վերադարձել իրենց գրասենյակ, որտեղից էլ ձեռնաշղթաներով իրենց տարել են․«Ես այդ կարմիր բերետավորի հետ գործ ունեմ։ Վեց ժամ անց երեք տղամարդկանց ազատ արձակեցին, Գայանեն հիմա քրեակատարողական հիմնարկում է, նույնկերպ եմ ինձ մեղավոր զգում, ինչպես որդուս ժամանակ, որ նրան միայնակ թողեցի, ինչպես շատերը փրկեցին, իսկ տղաս ասաց՝ հանկարծ իմ մոտ չգաս։ Գայանեն 44 տարեկան է,  նաև վարում էր, ինքն էլ ջահել տղա, էդ ի՞նչ էր ասել, որ մեքենայից իրեն դուրս գցեց։ Բա հերն ասում էր՝ ամբողջ Ջաբրայիլը տղես է ազատագրել, մերն ասում էր՝ զինվորները փախչում էին, Աշոտն է կանգնեցրել, բա էդ «ռեմբոն» ո՞նց վախեցավ 44 տարեկան կնոջից, ի՞նչ պիտի աներ էդ կինը, հարց եմ տալիս»։