Հետևեք մեզ։

Վիզաների ազատականացման երկխոսությունը որևէ կապ չունի ԵՄ-ին անդամակցության գործընթացի հետ. Արման Եղոյան

11:16, 26 մարտ 2025
Վիզաների ազատականացման երկխոսությունը որևէ կապ չունի ԵՄ-ին անդամակցության գործընթացի հետ. Արման Եղոյան

Խնդրում եմ՝ հարցերը մի՛ մանիպուլացրեք, պետք չէ ժողովրդին մոլորեցնել: Այս մասին խորհրդարանում  «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

 

Դիմելով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ պարզաբանեց՝ վիզաների ազատականացման երկխոսությունը որևէ կապ չունի Եվրամիության անդամակցության գործընթացի, Ասոցացման համաձայնագրի հետ:

 

«Վիզաների ազատականացման երկխոսությունը առանձին պրոցես է, որը ԵՄ-ն սկսում կամ չի սկսում որևէ երրորդ երկրի հետ: Ունեն Իսրայելի, ԱՄԷ-ի, հարավամերիկյան որոշ երկրների հետ: Դա առանձին գործընթաց է: Այդ երկրները ԵՄ անդամ չեն էլ լինելու, որովհետև ըստ հիմնադիր փաստաթղթերի, միայն եվրոպական երկիրը կարող է լինել ԵՄ անդամ: Սա իր հերթին: 

 

Վիզաների ազատականացման երկխոսության ամենակարևոր փուլը, այն է՝ մեկնարկը, արդեն իսկ եղել է: Իրենց մոտ կա դիսկուրս ներքին միգրացիայի հետ կապված, որը հիմա ամենասուր փուլում է գտնվում: Միգրացիայի դիսկուրսի ամենասուր փուլում՝ անցած տարվա հուլիսին, նման երկխոսության մեկնարկին հավանություն տալը դա բարձրագույն քաղաքական մակարդակում կայացված որոշում էր ԵՄ-ի խոշոր երկրներում:

 

Սա ո՞նց կարելի է չգնահատել: Պարզ է, չէ՞, որ սա տեղի է ունեցել բարձրագույն քաղաքական մակարդակում տեղի ունեցած քաղաքական երկխոսության արդյունքում: Մնացածը տեխնիկական դաշտում է: Մի որոշում էլ վերջում է պետք լինելու, բայց ամենակարևոր որոշումը մեկնարկը տալն էր, որովհետև դրանից հետո վաղ թե ուշ այդ երկխոսությունը հասնելու է տրամաբանական ավարտին, և վիզաների ազատականացումը տեղի է ունենալու»,- հայտարարեց պատգամավորը:

Վերլուծական