Հետևեք մեզ։

Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով պահանջվում է ԱՄՆ քաղաքացիության ապացույց ներկայացնել քվեարկելու համար

14:02, 26 մարտ 2025
Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով պահանջվում է ԱՄՆ քաղաքացիության ապացույց ներկայացնել քվեարկելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին հրամանագիր է ստորագրել, որը պարտավորեցնում է  քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր ներկայացնել ընտրություններում քվեարկելու համար գրանցվելիս, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

 

«Նահանգի ​​կամ իշխանության տեղական մարմնի պաշտոնատար անձը պետք է ձևաթղթի վրա նշի փաստաթղթի տեսակը, որը դիմողը ներկայացրել է որպես Միացյալ Նահանգների քաղաքացիությունն ապացուցող փաստաթուղթ, ներառյալ փաստաթղթի տրման օրը, փաստաթղթի վավերականության ժամկետի լրանալու օրը (եթե այդպիսին նշված է), գերատեսչությունը, որը տվել է փաստաթուղթը, և փաստաթղթի հետ կապված ցանկացած բացառիկ նույնականացման համար…. միաժամանակ ձեռնարկելով տեղեկատվական անվտանգության ապահովման համապատասխան միջոցներ», - ասվում է Սպիտակ տան կողմից հրապարակված հրամանագրում։

 

Ըստ հրամանագրի՝ դաշնային օրենքը «օտարերկրյա քաղաքացիներին արգելում է մասնակցել դաշնային ընտրություններին, նահանգների մակարդակով ընտրություններին կամ տեղական ընտրություններին որևէ վճարում կամ ծախս կատարելու միջոցով»:

 

«Մեր ընտրական գործընթացին այս տեսակի օտարերկրյա միջամտությունը խաթարում է Ամերիկայի քաղաքացիների՝ իրենց Հանրապետությունը կառավարելու իրավունքները», - նշված է հրամանագրում։

 

Փաստաթղթի համաձայն՝ այն նահանգները, որոնք չեն կարող քայլեր ձեռնարկել իրենց ընտրությունների «անվտանգությունն ապահովելու» համար, կենթարկվեն դաշնային ֆինանսավորման կրճատման:

 

Հրամանագրով արդարադատության նախարարությանը կոչ է արվում հետամուտ լինել հանցագործություններին, որոնք կապված են նահանգային ընտրությունների հետ և որոնք, վարչակազմի կարծիքով, «չեն համապատասխանում ընտրությունների արդարության մասին դաշնային օրենսդրությանը»:

 

Հրամանագրով նաև նահանգներին արգելվում է հաշվել այն քվեաթերթիկները, որոնք ընտրական հանձնաժողովի աշխատակիցները փոստով ստանում են ընտրությունների օրվանից հետո:

 

Reuters-ը գրում է, որ այս հրամանագրի ստորագրումն, ամենայն հավանականությամբ, կդատապարտվի մարդու իրավունքների հարցերով զբաղվող տարբեր կազմակերպությունների կողմից։

 

Վերլուծական