Հեռախոսազրույցի առաջին արձանագրումը մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության նկատմամբ հետաքրքրության վերահաստատումն էր և արձանագրումը, որ այդ օրակարգը շարունակում է նույնքան հրատապ լինել Միացյալ Նահանգների գործող վարչակազմի համար: Մեր դեպքում էլ այդ նույն արձանագրումը կար: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վաչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցին։
«Խոսակցության երկրորդ թեման տարածաշրջանային իրավիճակն է եղել, մասնավորապես՝ խաղաղության գործընթացը: Միացյալ Նահանգների պետքարտուղարը նույնպես այդ արձանագրումն արեց, որ կարևոր փուլ է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալը և նախագծի համաձայնեցման վերաբերյալ բանակցություններն այդպիսով հաջողությամբ ավարտելը: Երկուսս էլ այն կարծիքին էինք, որ այս արդյունքը չպետք է կորսվի, և խաղաղության համաձայնագիրը հնարավորինս արագ պետք է ստորագրվի և վավերացվի, այսինքն՝ ուժի մեջ մտնի երկու երկրներում:
Փոխադարձաբար կարևորել ենք և արձանագրել ենք, որ առավել ևս այս միջավայրում որևէ էսկալացիա մեր տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ, և պայմանավորվել ենք, որ կշարունակենք բարձր մակարդակի շփումները Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև»,- ասաց Փաշինյանը: