Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ որ պահին Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի ղարաբաղյան շարժումը չշարունակելու իր դիրքորոշման հետ, ինքն այդ պահին կդադարի լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարեց ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
«Ես ասում եմ իմ դիրքորոշումը՝ որպես Հայաստանի վարչապետ, որ մենք ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք: Կրկնում եմ՝ ես դա անում եմ որպես Հայաստանի վարչապետ: Եվ որ պահին Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս արձանագրման հետ, ես այդ պահին կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ»,–ասաց Փաշինյանը:
Նա հավելեց՝ քանի դեռ ինքը ՀՀ վարչապետն է, դա իր և Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է:
Փաշինյանն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ Հայաստանը չպետք է շարունակի ղարաբաղյան շարժումը, ինչին հակադարձել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը չի սկսել ղարաբաղյան շարժումը, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ուստի Փաշինյանը չի կարող այդ շարժումը չշարունակելու որոշում կայացնել։