Եթե որևէ դուրսպրծուկ փորձի ՀՀ քաղաքացու ընտրության կամքին բռնանա, շատ արագ կհայտնվի ասֆալտին: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրությանը, որի առնչությամբ «Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազություն:
«Իմ գործառույթն է ապահովել, որպեսզի ՀՀ քաղաքացիներն ազատ կամարտահայտման հնարավորություն ունենան, և ես կարող եմ ասել, որ որևէ դուրսպրծուկ չի կարող Հայաստանի ընտրողի կամքին բռնանա: Եթե որևէ դուրսպրծուկ փորձի ՀՀ քաղաքացու ընտրության կամքին բռնանա, շատ արագ կհայտնվի ո՞րտեղ` ասեմ, ասֆալտին, ամենաարագը այդտեղ է: Մնացածը թող գյումրեցիներն ասեն:
Ես երաշխավորում եմ, որ և՛ գյումրեցիները, և՛ փարաքարցիներն իրենց կամքն ազատ արտահայտելու հնարավորություն կունենան:
Մեր դիրքորոշումն էլ հետևյալն է, որ ժողովրդի արտահայտած ցանկացած կամք ի գիտություն ենք ընդունելու, և ժողովրդի ասածը մեզ համար օրենք է»,- ասաց Փաշինյանը: