«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ տարի գրել էր, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ի թիվս այլոց, Արմեն Փամբուխչյանի դեմ էլ է կոմպրոմատների մի ողջ «թղթապանակ» ներկայացրել կուսակտիվի նիստին, որպեսզի ապացուցի, որ Փամբուխչյանը կոռուպցիոն մի շարք գործարքների մեջ է թաթախված։
Մասնավորապես տեղեկացրել էինք, որ թիմի ներսում բացահայտվել է, որ Արմեն Փամբուխչյանը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) որդուց մեքենա է նվեր ստացել, ինչպես նաև ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդու հետ մտերիմ հարաբերություններ ունի և օգտվում է առատաձեռն նվիրատվություններից: Իսկ Դավիթ Սեդրակյանը Երևանի ամենախոշոր կառուցապատողներից մեկն է:
Այս թվարկումներից հետո Անդրանիկ Քոչարյանը նաև լրատվամիջոցների բացահայտումներն է մեջբերել, ըստ որոնց՝ Երևանի փոխքաղաքապետ, ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա հայրը 40 հեկտար հող է ձեռք բերել Արմավիրի մարզում՝ դեղձի այգիներ հիմնելու համար։ Փամբուխչյանը այս նպատակով նաև 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել և 102 մլն դրամ (մոտ 270 հազար ԱՄՆ դոլար) պետությունից՝ որպես սուբսիդիա՝ «պրիզ»։
Չնայած Անդրանիկ Քոչարյանից Փամբուխչյանը պահանջել է ներողություն խնդրել իրեն զրպարտելու, անհարկի մեղադրանքներ ներկայացնելու համար, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական իր աղբյուրներից պարզեց, որ Քոչարյանը հրաժարվել է փոխքաղաքապետ Փամբուխչյանից ներողություն խնդրել: Անդրանիկ Քոչարյանը մինչ օրս չի զղջացել իր ներկայացրած, Փամբուխչյանի որակմամբ՝ «ստերի» համար: Իսկ ՔՊ խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանից և Հրաչյա Հակոբյանից Անդրանիկ Քոչարյանը ներողություն էր խնդրել` նրանց գործարարների «դեղ ցրողներ» և «կոռումպացվածներ» անվանելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում