Ազգային ժողովը մարտի 27-ի հերթական նիստում քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Մարիաննա Բաղինյանի թեկնածությունը:
Մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է Մարիաննա Բաղինյանի կենսագրությունն ու աշխատանքային ուղին:
Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ Մարիաննա Բաղինյանը 2021 թվականի սեպտեմբերի 13-ից առայսօր աշխատում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում` որպես Բարեվարքության ուսումնասիրման վարչության պետ:
Ելույթ ունենալով` Մարիաննա Բաղինյանը շնորհակալություն է հայտնել Մրցութային հանձնաժողովին` իր թեկնածության նկատմամբ ցուցաբերած վստահության համար: Նա անդրադարձել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր քառամյա գործունեությանը, նշել աշխատանքի իր տեսլականը` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու պարագայում, ինչպես նաեւ խոսել հանձնաժողովի ձեռքբերումներից: «Եթե արժանանամ ձեր վստահությանը եւ ընտրվեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում, խոստանում եմ առաջնորդվել բացառապես հանրային շահով եւ անշեղորեն կերտել այն Հայաստանը, որտեղ բարեվարքությունը եւ կոռուպցիայի բացառումը հասարակության կենսակերպ պետք է դառնան»,- ելույթն ամփոփել է Մարիաննա Բաղինյանը:
Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին:
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամն ընտրվելու է գաղտնի քվեարկությամբ:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով քվեարկության արդյունքները, տեղեկացրել է, որ պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը: