Եթե Ադրբեջանի վրա միջազգային լուրջ ճնշում չլինի, Ադրբեջանը խաղաղության մասին որևէ թուղթ չի ստորագրի։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։
«Պայմանագրի տեքստը պատրաստ է, ինչի մասին հայտարարեց Ադրբեջանը։ Բայց Ադրբեջանը բազմաթիվ նախապայմաններ է դնում ` Սահմանադրության փոփոխություն, «միջանցքի» հարց, «պատերազմական հանցագործների» արտահանձնման հարց, միջազգային դատարաններից հայցերի հետքաշում...»,-ասել է Խաչատրյանը։
Ըստ Խաչատրյանի՝ «ինչու պետք է Արդբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրի, եթե առանց այդ էլ Հայաստանի իշխանությունները բոլոր զիջումներին գնում են»։
«Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել։ Օրինակ, Արցախյան պատերազմի մասնակիցների արտահանձնումը Ադրբեջանին, եթե այդ պահանջը սկզբից ուղղակի պահանջ էր, հիմա չեմ բացառում, որ որոշակի ժամկետ նույնիսկ դրված լինի»,-հայտարարել է Խաչատրյանը։