Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի կինը՝ Fox News-ի նախկին պրոդյուսեր Ջենիֆեր Հեգսեթը, մասնակցել է իր ամուսնու երկու հանդիպումներին օտարերկրյա ռազմական պաշտոնյաների հետ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Լրատվամիջոցի հետ զրուցած մյուս մասնակիցներն ասում են, որ այս հանդիպումներում քննարկվել է գաղտնի տեղեկատվություն: Այսպես, Ջենիֆեր Հեգսեթը ներկա է գտնվել իր ամուսնու բանակցություններին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլի և երկրի պաշտպանության շտաբի պետ, ծովակալ Էնթոնի Ռադակինի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Պենտագոնում մարտի 6-ին:
Ինչպես նշում են լրագրողները, այս բանակցությունները տեղի են ունեցել երկու երկրների համար «զգայուն պահին»՝ անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը կարճ ժամանակով դադարեցրել էր հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ:
Բանակցությունների ընթացքում Հեգսեթը և բրիտանացի զինվորականները քննարկել են Վաշինգտոնի որոշումը, ինչպես նաև երկրների միջև ապագա ռազմական համագործակցությունը։
Փետրվարին Հեգսեթի կինը նույնպես մասնակցել է Պենտագոնի ղեկավարի և ԱՄՆ դաշնակիցների ռազմական պաշտոնյաների հանդիպմանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: WSJ-ի փոխանցմամբ՝ բանակցությունները վերաբերում են Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբին։ Նման հանդիպումների ժամանակ, նշում է հրատարակությունը, մասնակիցները պարբերաբար քննարկում են Կիևին տրամադրվող օգնության մասին գաղտնի տեղեկատվությունը, որը նրանք չեն ցանկանում հրապարակել։
Լրագրողների աղբյուրները պնդում են, որ այս հանդիպումների օտարերկրյա մասնակիցներից ոմանք չեն իմացել, թե ով է Հեգսեթը։ Մյուսները զարմացած են եղել նրա ներկայությունից, բայց չեն առարկել։ Անհասկանալի է, թե արդյոք դա ազդեցություն է ունեցել քննարկումների վրա։ Ըստ WSJ-ի՝ ԱՄՆ պաշտպանության նախարարին որոշ հանդիպումների ժամանակ ուղեկցում է նաև նրա կրտսեր եղբայրը՝ Ֆիլիպ Հեգսեթը։ Նա պահպանողական փոդքասթեր է պատրաստում և վերջերս միացել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը: