Հետևեք մեզ։

Կանխվել է Իրանից Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և զենք տեղափոխելու դեպք. ԱԱԾ (տեսանյութ)

10:26, 22 մայիս 2023
Կանխվել է Իրանից Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և զենք տեղափոխելու դեպք. ԱԱԾ (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների ու Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Մեղրի» ջոկատի ծառայողների աջակցությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, ինչպես նաև զենք, զինամթերք տեղափոխելու դեպք։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Ռ.Պ-ն, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի մայիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն են պատրաստվում ներկրել` իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ, ինչպես նաև զենք, զինամթերք:

Համատեղ պլանավորված ու ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ-ի մայիսի 18-ին, Ռ.Պ-ն, հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ քաղաքացու կողմից նշված վայրում, վերցրել է նրա կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ առաքված թմրամիջոցների վերոնշյալ խմբաքանակը, զենքը և զինամթերքը, սակայն դրսևորելով զգուշավորություն, չբացահայտվելու նկատառումներից ելնելով, թաքցրել է այն հայ-իրանական պետական սահմանի սահմանային շերտի մոտակայքում և հեռացել։ Այնուհետև, մայիսի 19-ին Ռ.Պ-ն վերոնշյալ հանցավոր արարքներին ներգրավելով ՀՀ քաղաքացիներ, Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բնակիչներ՝  Մ.Պ-ին և Ա.Ք-ին, վերջիններիս ուղղորդել է Ա.Ք-ի կողմից շահագործվող «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Քաջարանից մեկնել  հայ-իրանական պետական սահմանի սահմանային շերտ, և իր նկարագրած թաքստոցից վերցնել թմրամիջոցների խմբաքանակը, զենքը, զինամթերքը ու այն տեղափոխել Քաջարան։

Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Մեղրի քաղաքի մոտակայքում ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Մեղրի» ջոկատի ծառայողների կողմից։

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Ռ.Պ-ն, Ա.Ք-ն և Մ.Պ-ն ձերբակալվել են։

Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության հատուկ պահպանվող տարածք, որտեղ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են 10 կիլոգրամը գերազանցող ընդհանուր քաշով՝ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների զանգվածներով լցված 20 տարբեր փաթեթներ, ինչպես նաև արտասահմանյան արտադրության 2 հատ մարտական ատրճանակներ՝ իրենց 20 հատ փամփուշտներով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասով և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննությունը շարունակվում է։

 

Վերլուծական