Հետևեք մեզ։

Արման Եղոյանը Կիպրոսի դեսպանի հետ հանդիպմանը խոսել է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների մասին

17:31, 31 մարտ 2025
Արման Եղոյանը Կիպրոսի դեսպանի հետ հանդիպմանը խոսել է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների մասին

 

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր երկրում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ողջունելով դեսպանին՝ Արման Եղոյանը կարևորել է բարեկամ Կիպրոսի հետ սերտ համագործակցությունը, հատկապես՝ խորհրդարանական մակարդակում: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը խոսել է միջազգային տարբեր կազմակերպություններում ու հարթակներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների միջև արդյունավետ գործակցությունից:

Արման Եղոյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, խոսել Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների մասին: Հանձնաժողովի նախագահն այդ առումով ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Միքայել Մավրոսը ներկայացրել է Կիպրոսին և կիպրական հիմնախնդրին վերաբերող վերջին զարգացումները, խոսել մեր երկու երկրների մարտահրավերների և ընդհանուր շահերի մասին: Դեսպանը նաև կարևորել է երկկողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ գոհունակությամբ նշելով, որ տարեցտարի աճում է Կիպրոսում իրենց հանգիստն անցկացնող Հայաստանի քաղաքացիների թիվը:

Վերլուծական