Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախազգուշացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ռազմական մեթոդներն ու հարվածներ հասցնելու սպառնալիքները չեն կարող լուծել Իրանի միջուկային խնդիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը գրել է X սոցիալական հարթակում:
«Բոլորին պետք է պարզ լինի, որ, ըստ էության, գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին «ռազմական տարբերակն» է, չխոսենք արդեն «ռազմական լուծման» մասին», - գրել է դիվանագետը:
Նա հիշեցրել է, որ «աղետալի անհաջողությունները մեր տարածաշրջանում, որոնք ԱՄՆ-ի նախորդ վարչակազմերի համար կազմել են ավելի քան 7 տրիլիոն դոլար, բավարար ապացույց են»։
Արաղչին ընդգծել է, որ դիվանագիտական փոխգործակցությունն անցյալում աշխատել է և «դեռ կարող է աշխատել հիմա»:
«ԱՄՆ նախագահին, գուցե, դուր չի գալիս 2015 թվականի միջուկային համաձայնագիրը։ Բայց այն պարունակում է մեկ կարևոր պարտավորություն Իրանի կողմից, որը դեռ մնում է, և որից նույնիսկ ԱՄՆ-ն, որը դուրս է եկել համաձայնագրից, օգուտ է քաղել. Իրանը վերահաստատում է, որ ոչ մի պարագայում երբեք չի ձգտի, չի մշակի կամ ձեռք չի բերի որևէ միջուկային զենք», - նշել է Արաղչին։
Նա հավելել է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ստորագրումից տասի տարի անց և դրանից ԱՄՆ-ի դուրս գալուց յոթ տարի անց Վաշինգտոնը «ոչ մի հատիկ ապացույց չունի», որ Թեհրանը խախտել է իր այդ պարտավորությունը։